Home / Տեսանյութեր / Մենք ստեղծում ենք նոր պետություն. Վարուժան Ավետիսյան

Մենք ստեղծում ենք նոր պետություն. Վարուժան Ավետիսյան

Ամեն մի իսկապես գիտակցված ընդվզում բերում է իսկապես ցանկալի արդյունքի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը:

«Ինչպես տեսնում եք, պայքարը արդյունք է տալիս: Այս մթնոլորտը պետք է տարածել Հայաստանով մեկ: Սրտերով իրար կապվում ենք, հետզհետե ժողովուրդը շատանում է և կարճ ժամանակ անց մենք կունենանք այն, ինչ երազում էինք», – ասել է Ավետիսյանը: 

Խմբի անդամ Արայիկ Խանդոյանը նշել է, որ իրենք երջանիկ են. «Մենք չենք պատրասվումոչ զենք ցած դնել, ոչ ընկճված ենք»:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ուղղակի նյարդային պոռթկումը վնաս է տալիս, իսկ եթե պլանավորված, գիտակցված, տարիների մշակված ծրագիր կա, ապա որպես կանոն արդյունքները լինում են դրական:

Բանախոսը պատմել է, որ իրենց վրա եղել է մեկ գրոհ առաջին օրը. «Զրահամեքենայով այս հատվածից եկել են կրակելով շենքի ուղղությամբ, շենքի մոտ կանգնած են եղել ոստիկանության գեներալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Օսիպյանը:

Առանց հաշվի առնելու ոստիկանների ներկայությունը գնդացրորդը զրահամեքենայից կրակելով եկել է մեր ուղղությամբ, ծանր վիրավորել է մեր տղաներից մեկին և հակահարված է ստացել: Գնդացրորդը չեզոքացվել է, ստացել է ծանր մարմնական վնասվածք, ընկել է [զրահամեքենայի] լյուկի մեջ, և այլևս չի կարողացել կրակել, որից հետո զրահամեքենան խուճապահար փախուստի է դիմել»:

–          Որն է Ձեր անվտանգության երաշխիքը:

–          Մեր ժողովորդն առաջին հերթին, մեր զենքը՝ երկրորդ:

–          Չեք վախենում, որ ոստիկանությունը կշարունակի…

–          Մենք չենք վախենում, մենք մտածում ենք՝ ինչպես կազմակերպել մեր պաշտպանությունը: Մշտապես գտնվում ենք բարձր մարտական պատրաստավծության մեջ:

–          Անընդհատ նշում եք, որ դրսում քաղաքացիները պետք է հավաքվեն, բայց նրանց առաջնորդող չլինի:

–          Ես չեմ ասում նրանց առաջնորդողներ չլինեն, ես ասում եմ, որ պետք է չլինի մեկը, երկուսը, երեքը, չորսը, ովքեր շարժումը կփորձեն ծառայեցնել իրենց անձնական և կուսակցական նպատակեներին: Անշուշտ պետք է լինի համակարգող մարմին, անշուշտ պետք  լինի կառավարում, առանց կառավարման պրոցես չկա…

–          Ո՞ւմ եք տեսնում որպես կառավարող:

–          Կուսակցություններ՝ ոչ: Պետք է առանձին մաքուր կենսագրություն ունեցող անհատներ լինեն՝ թե՛ կուսակցական կենսագրության, թե՛ ոչ կուսակցական կենսագրությամբ, կարևոր չէ, որովհետև մենք ստեղծում ենք նոր պետություն, մենք վերակերտում ենք Հայաստանի Հանրապետությունը: Մեզ չի հաջողվել այս տարիների ընթացքում պետություն ստեղծել, սա կվազիպետություն է: 

Ավետիսյանը վերահաստատել է խմբի հիմնական պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, որից հետո «այս կեղտից մաքրվելու և նոր [համակարգի] հիմքերը ստեղծելու անցումային փուլ, հետո նոր ընտրություններ»: