Home / Հայաստան / Սիգարետները թողեք. Լրագրողները շփվեցին «Սասնա ծռերի» հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սիգարետները թողեք. Լրագրողները շփվեցին «Սասնա ծռերի» հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սա նոր Հայաստան է, ու ստեղ բոլորն ազատ են ու հավասար: Ստեղ բոլորը մեր ազգինն ա, ու ոչ մի տականք չի կարա փչացնի օդը»: Այսպես էին նկարագրում հուլիսի 17-ից Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներն այն տարածքը, որն իրենց վերահսկողության տակ է գտնվում:

Տարածքը 4 կողմից ոստիկանական ուժերով է շրջապատված. հուլիսի 23-ին լրագրողների այցի ժամանակ ՊՊԾ գունդը գրավածները թույլ չտվեցին, որպեսզի ոստիկաններն անցնեն գնդի մոտ առկա սահմանագիծը: Լրագրողներին գնդի տարածք չէր ցանկանում թողնել «Սասնա ծռեր» խմբի հետ բանակցություններում որպես միջնորդ հանդես եկող Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Վերջինս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկեց խմբի անդամների հետ շփվել տարածքի սահմանագծին տեղադրված մեծ հովանոցի մոտ, սակայն «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը հավաքվածներին ներս հրավիրեց: Լրագրողները երկար չսպասեցին. հնարավորություն եղավ շրջել գրաված գնդի տարածքում, լուսանկարել, նկարահանել, շփվել խմբի անդամների հետ: 

«Սասնա ծռերի» ներկայացուցիչները գիտեն, որ ՊՊԾ գնդի շուրջբոլորը դիպուկահարներ են տեղակայված, բայց, նրանց խոսքով, դա չի վհատեցնում:

«Մենք էլ ունենք սնայպերներ: Մեկ-մեկ իրանց սնայպերների հետ խոսում ենք ժեստերով», – ասում է Վարդան Գերավետյանը, ում մասին հարազատները մի քանի օր է լուր չունեին, իսկ զինված հարձակման հաջորդ օրը ոստիկանները կոտրել էին նրա տան դուռն ու խուզարկել բնակարանը: Խուզարկության մասին նա գիտեր. ժպտալով ասում է. «Բայց բան չգտան չէ՞»:

Գերավետյանը երկար տարիներ պայքարում էր Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող շենքի համար, որտեղ նա բնակարան ունի: Շենքը պետք է քանդեն. Գերավետյանը պնդում էր, որ բնակարանները շենքի բնակիչներից պարզապես խլում են օրենքի խախտումներով:

«Մենք պարզապես այլ ելք չունեինք: Ես տարիներ շարունակ պայքարում եմ արդարության ու իմ իրավուքների համար, բայց տեսնում ենք, որ ոչ մի բան չի փոխվում: Մեզ այլ ելք չէին թողել: Մենք ամեն ինչ արեցինք, փորձեցինք քաղաքակիրթ ձևերով անել, բայց  մեր մեքենաները այրեցին, ծեծեցին մեր ընկերներին, իսկ նախագահ կոչեցյալը այդպես էլ ձեն չհանեց: Երբ որ մարդու իրավուքները չեն պաշտպանում, նա բնականաբար ամեն բան անում է իր իրավունքները պահելու համար: Իսկ իմ ամենամեծ խնդրանքն այն է, որ ոստիկանները չզոհաբերեն իրենց կյանքը, քանի որ մենք պատրաստ ենք մեր կյանքը զոհել  հանուն մեր հայրենիքի ազատության, իսկ իրենք զոհաբերելու են իրենց հանուն տականքի, հանուն Սերժիկի ու նրա ոհմակի», – ասում է Գերավետյանը:

Այն, որ նման քայլ է դիմելու, Գերավետյանը վաղուց գիտեր. «Մարդիկ ասում էին՝ հնարավոր չի, իսկ հիմա տեսաք, որ հնարավոր ա: Ընդհամենը 100 մարդկանցով կարելի է նման լուրջ գործողություն իրականացնել: Ովքեր մեզ միանան, նրանց կտանք զենք ու միասին կշարունակենք զինված ապստանբությունը»:

Խմբի անդամների առջև այսօր ծառացել է սննդի խնդիրը: Չնայած Վիտալի Բալասանյանը լրագրողներին հավաստիացրեց, որ գնդում մարդկանց ապահովել են բավարար սննդով, խմբի անդամներից Աշոտ Պետրոսյանն ասում է, որ դա սուտ է, և իրենց չնչին սնունդ են տալիս՝ փշրանքներ:

«Մի քանի հատ գավիադինա են տալիս, մի քիչ էլ հաց: Փշրանքներ են դրանք: Ծխախոտ ընդհանրապես չեն տալիս, բայց մեզ դա էլ պետք չի: Ես սով չեմ զգում այստեղ, մենք սննդի մասին չենք մտածում»:

Այս օրերին ՊՊԾ շենքը գրավածների շարքում ամենից շատը մամուլի ուշադրության կենտրոնում է Պավլիկ Մանուկյանը, ում հետ նաև որդին է: Լրագրողները հետաքրքվեցին՝ արդյո՞ք չի զղջում, որ որդուն հետն է բերել. «Եթե տղայիս այստեղ չբերեի, տղայիս անարգած կլինեի: Իսկ կինս ամեն ինչ հասկանում է: Նա ինձանից հերոս է: Ես ամեն ինչ կարամ ձեր հետ կիսեմ, բայց իմ փառքը ու պատիվը չեմ կարա կիսեմ: Ես ուզում էի , որ իմ տղան ամենաբարձրին արժանանա, իսկ հայրենիքի զոհասեղանին արժանալուց ավելի բարձր բան չի կարող լինել» :

Մանուկյանը հնարավոր բախման դեպքում ամենաշատը երիտասարդ ոստիկանների համար է ցավում. «Վովա Գասպարյանը (ՀՀ ոստիկանապետ-խմբ) շտուրմով է սպառնում, ես շատ կցանկանայի շտուրմը տեսնել: Ես շատ եմ ցավում երիտասարդ ոստիկան տղաների համար, նրանք իմ տղաներն են ու իրանք են իմ ձեռքերն ու ոտքերը կապում, ես չեմ կարող նրանց վրա կրակել, ձեռքս չի գնում: Եթե նրանք չլինեն, ես կես ժամվա մեջ հաղթանակը կդնեմ սկուտեղի վրա»:

«Սասնա ծռերի» անդամներից Սեդրակ Նազարյանը Epress.am-ի լրագրողին ցույց է տվել գնդի տարածքում գտնվող ոստիկանական մեքենաներից մեկը: Ասում է, եթե մեկ անգամ էլ  Խորենացի փողոցում գտնվող ցուցարարների վրա ձեռք բարձրացնեն, իրենք կայրեն այդ մեքենան:

Նազարյանն արդեն 8 տարի ապրում է Բարսելոնայում: Մասնագիտությամբ մերսող է: Ասում է՝ 2015-ի ապրիլին է եկել Հայաստան այս գործողությանը մասնակցելու համար: Նա պնդում է՝ մինչև վերջ մնալու է ընկերների հետ:

Լրագրողների հետ շփումներում ամենակատիվներից էր Արայիկ Խանդոյանը: Նրա խոսքով՝ իրենք չէին ցանկանում, որպեսզի զոհեր լինեին, սակայն, նրա պնդմամբ,  ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը կրակում էր իրենց վրա մինչև վերջին փամփուշտը, թեև իրենք «խախանդ կանգնած էին» և կոչ էին անում չկրակել: Խանդոյանի խոսքով՝ իրենք ափսոսում են գնդապետի մահվան համար:

Հանդիպման վերջում «Սասնա ծռերի» անդամները լրագրողներին խնդրում են իրենց թողնել բոլոր հնարավոր ծխախոտները:

«Բոլորդ ձեր սիգարետները թողեք, նոր գնացեք, ժողովուրդ ջան: Մեզ ծխախոտ չեն բերում», – ասում է գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Լրագրողներն այդպես էլ արեցին: Չծխողներից մի քանիսն էլ ափսոսացին, որ իրենց հետ չեն բերել: