Home / Տեսանյութեր / «Ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածում»․ ինչ է կատարվել գիշերը ՊՊԾ գնդում

«Ոստիկանությունն ապատեղեկատվություն է տարածում»․ ինչ է կատարվել գիշերը ՊՊԾ գնդում

Ոստիկանությունը  շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ կապված հուլիսի 17-ին Էրեբունի համայնքի Պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Մասնավորապես, Ենիգոմշյանը հերքել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանի այսօր արված այն հայտարարությունը, թե «Սասնա ծռեր» խմբավորումը  պատանդ է պահում բժիշկներին։

Ըստ Ենիգոմշյանի՝ խմբի անդամներն ընդամենը պահանջում են, որ ինչպես ՊՊԾ գնդի գրավման առաջին օրերին, հիմա էլ բժշկական հերթափոխ սահմանվի. նրանք ոչ մեկին պատանդ չեն պահում։  

Հիշեցնենք, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ֊-ն հունիսի 23-ից հրաժարվում է այլևս շուրջօրյա օգնություն տրամադրել  ՊՊԾ գնդում գտնվողներին՝ հիմնավորելով, որ  բժիշկները վախենում են զենքերից և պատրաստն են բուժօգնություն տրամադրել միայն չեզոք գոտում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները զենքերով չլինեն։ 

Ոստիկանության կողմից ապատեղեկատվություն տարածելը դատապարտել է նաև  «Սասնա ծռեր» խմավորման անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը քարոզչական պատերազմ է սկսել սեփական ժողովրդի դեմ։  

Կյուրեղյանի խոսքով, մասնավորապես, սուտ է Ոստիկանության այն հայտարարությունը, թե անցած գիշեր Պավել Մանուկյանը և նրա որդին վիրավորվել են փոխհրաձգության  ժամանակ, իսկ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ինքնակամ  հանձնվել են։

«Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել որդուս հետ, որը պատմեց հետևյալը. երեկ ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանների հետ, որ իրենց տրամադրեն բժիշկ կամ վիրավորին տանեն բուժելու: Այդ պահին ծանր գնդացրային զինատեսակից կրակ է բացվել Պավլիկ Մանուկյանի վրա: Որդին, տեսնելով դա, վազել է օգնության և նրա վրա ևս կրակ է բացվել: Հետո «Սասնա ծռերի» անդամներից մեկն էլ է վազել օգնության, նրան էլ են վիրավորել: Ծանր վիրավորված Պավլիկին և նրա որդուն փորձել են պատգարակներով օգնություն ցուցաբերել», – պատմել է Կյուրեղյանը։

Ենիգոմշյանի խոսքով՝ բացի ապատեղեկատվություն տարածելուց՝ իշխանությունները նաև բանակցություններն են փակուղի տանում՝ ամեն անգամ խախտելով ձեռք բերված համաձայնությունները։ Մասնավորապես, ըստ Ենիգոմշյանի՝ համաձայնություն կար, որ բոլոր պատանդ ոստիկանների ազատ արձակվելուց հետո իշխանությունները կքննարկեն Ժիրայր Սեֆիլյանի առաջարկները, սակայն պատանդները ազատվեցին, ոչ մի քննարկում էլ չեղավ։ Պատանդների բաց թողնելուց հետո նաև պետք է  լրագրողական կետ բացվեր ՊՊԾ գնդի տարածքում, սակայն դա էլ չարվեց։