Home / Տեսանյութեր / Խորենացի փողոցում միայն ոստիկաններ մնացին. մարդիկ զանգվածաբար բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խորենացի փողոցում միայն ոստիկաններ մնացին. մարդիկ զանգվածաբար բերման են ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20:00-ի դրությամբ Խորենացի փողոցում միայն ոստիկաններն էին մնացել: 19:00-ին նախատեսված հավաքն այդպես էլ չկայացավ, քանի որ ոստիկանական ուժերը առավոտվանից մարդկանց բերման էին ենթարկում Խորենացի փողոցից, իսկ 18:00-ից մարդկանց տանելը զանգվածային բնույթ էր կրում: Epress.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ այդ ընթացքում ինքը 100-ից ավել մարդու բերման ենթարկելու ականատես է եղել:

Ոստիկանները տանում էին անգամ սովորական անցորդներին, ինչպես նաև տարեց մարդկանց, ովքեր նստած էին Խորենացի 47 շենքի դիմաց գտնվող պուրակում:

Խորենացի փողոցից բերման ենթարկվածների թվում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույն կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, դերասան Եղիշե Պետրոսյանը, ով հանրահավաքները համակարգողխմբի անդամ է, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Դեպքի վայր ժամանած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կրկին կարևորել է ԱԺ արտահերթ նիստը հրավիրելու հարցը:

«Պետք է ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով, որին ոստիկանությունը չկարողանա արգելել, որ նրանք մուտք գործեն պարեկապահակային գնդի տարածք, հանդիպեն Պավլիկ Մանուկյանի և մյուսների հետ ու տեղում ծանոթանան իրավիճակին», – ասել է Փաշինյանը: