Home / Հայաստան / Մարտիրոսյանն ու Սանասարյանը բերման ենթարկվածների թվում. քաղաքական գործիչները դատապարտում են

Մարտիրոսյանն ու Սանասարյանը բերման ենթարկվածների թվում. քաղաքական գործիչները դատապարտում են

Երեկ ոստիկանության կողմից տասնյակ բերման ենթարկվածների թվում են եղել «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Սուսաննա Մուրադյանը, Հովսեփ Խուրշուդյանը: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ: 

Հովհաննիսյանը դատապարտում է ոստիկանության գործողությունները և իշխանություններից պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և հրաժարական ներկայացնել: «Ժառանգության» առաջնորդն ընդգծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը կապ չունի քաղաքակիրթ աշխարհի հետ և համեմատում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ռեժիմի հետ:

Ոստիկանության գործողությունները դատապարտել է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ ՆԻկոլ Փաշինյանը:

«Ոստիկանությունից պարզաբանում եմ պահանջում, թե ովքե՞ր էին քաղաքացիական հագուստով այն անձինք, որ ոստիկանների միջով անցան ցուցարարների շարքերը և սադրեցին բախումներ», – հարց է բարձրացնում Փաշինյանը:

Նշենք, որ երեկ Սարի թաղ թաղամասում ոստիկանները առանձնակի դաժանությամբ ցրել են «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով: «Ժառանգության» անդամ, հանրահավաքները համակարգող խմբի ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել հիվանդանոցից: Տասնյակ բերման ենթարկվածներից մի մասի մասին հարազատները լուրեր չունեն, չգիտեն, թե որ բաժիններ են նրանց տարել: