Home / Տեսանյութեր / Քննիչներն ու ոստիկաններն հիվանդանոցում արտոնյալ են. փոխտնօրենը խնդիր չի տեսնում

Քննիչներն ու ոստիկաններն հիվանդանոցում արտոնյալ են. փոխտնօրենը խնդիր չի տեսնում

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքում երեկ գիշերվանից, երբ ոստիկանների գործողությունների հետևանքով տասնյակ ցուցարարներ են տուժել, խստացվել է ելումուտը բուժում ստացող հիվանդների հարազատների, խնամողների համար:

Փոխարենը, վերակենդանացման բաժանմունք ազատ ելումուտ են անում մոտ 10 քննիչներ, ովքեր ներս են մտնում առանց սպիտակ խալաթների: Ներսից դռները հսկում են երկու կարմիր բերետավորներ: Քննիչները լրագրողների հարցերին չեն պատասխանում:

«Երեկ գիշերը չէին թողնում դուրս գային, հիմա էլ չեն թողնում մտնենք», – հիվանդանոց այցելած Epress.am-ի լրագրողի հետ զրույցում բողոքել է միջին տարիքի մի կին, ով զայրացած ասում էր, որ «ձեր միջադեպերի» հետ կապ չունի, սակայն չի կարողանում իր հիվանդ հորը մտնել խնամել:

Երեկ Սարի թաղ թաղամասում ոստիկանների  կողմից հատուկ միջոցների կիրառմամբ ակցիան ցրելու հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» է տեղափոխվել  50 անձ՝ այրվացքներով, աչքի վնասվածքով, սալջարդերով, հեմատոմաներով:

Հիվանդանոցի փոխտնօրեն, բժիշկ Գագիկ Մանուկյանին հարցրեցինք՝ ինչու են  ոստիկանները, ընդ որում՝ առանց բժշկական հանդերձանքի, քայլում հատկապես վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկը պատասխանեց, թե «նրանք հերթափոխ են անում»:

«Հիմա որ «Էրեբունիիում» զինված կանգնած են: Ի՞նչի են կանգնել, որ կարողանան կարգ ու կանոն պաշտպանեն: Ես բժիշկ եմ, հո չեմ ընկնի մեկին խփեմ՝ ասեմ՝ էս ինչ եք անում, թողեք մեր աշխատանքը անենք», – ասել է Մանուկյանը:

Հիվանդանոցում քննիչները հարցաքննում էին երեկ Սարի թաղում տուժած մարդկանց: Ընդ որում՝ նրանց չէին հայտնում՝ ինչ կարգավիճակով են մարդիկ ցուցմունք տալիս՝ վկայի, թե տուժողի:

«Երևի որպես վկա», – մեզ ասաց Life.ru-ի օպերատոր Տիգրանը Գասպարյան:

Մեր թղթակիցը հարցրել է Գասպարյանին հարցաքննող քննիչներին՝ ի՞նչ կարգավիճակ ունեն այդ հարցաքննվողները, ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվել, պատասխանեցին՝ մենք չգիտենք, մենք քննիչական խումբ ենք, Քննչական կոմիտե զանգեք:  

Քննչական կոմիտեի կայքում քիչ անց տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը) և 2-րդ մասերով (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը), ձերբակալվել է 23 մարդ:

Բացի հարցաքննելուց, քննիչները որպես իրեղեն ապացույց վերցնում էին վիրավորվածների հագուստները, որոնք եղել են իրենց հագին միջադեպի ժամանակ:  

Այնփաթի բնակիչ, ոտքի և ձեռքի այրվածքներ ստացած  28-ամյա մանկավարժ Անահիտ Փիլոյանը հրաժարվում էր իր հագուստները տալ:

«Որովհետև չի վստահում քննիչներին», – մեզ հետ զրույցում ասել է նրա հայրը՝ Սամվել Փիլոյանը: Հոր խոսքով՝  ինքն եկել է աղջկան տուն տանելու, սակայն քննիչները թույլ չեն տվել:

Նշենք, որ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշիկը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը: