Գլխավոր / Հայաստան / Մի խումբ ամերիկահայեր Կարմիր Խաչից պահանջել են օգնել «Սասնա ծռեր» անդամներին

Մի խումբ ամերիկահայեր Կարմիր Խաչից պահանջել են օգնել «Սասնա ծռեր» անդամներին

Մի խումբ ամերիկահայեր դիմել են Կարմիր Խաչի ամերիկյան գրասենյակ` պահանջելով միջամտել Հայաստանում «Սասնա ծռեր» խմբի շուրջ ստեղծված իրավիճակին:

Նամակի հանձնելու պահը նկարահանել է ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանը:

«Նամակ ներկայացրեցինք և ներկայացրեցինք իրավիճակը Հայաստանում, օգնություն խնդրեցինք: Բացատրեցինք, որ Հայաստանում տեռորիստներ չկան, եթե  ամբողջ ազգն է պայքարում կառավարության դեմ,  դա չի նշանակում, որ ամբողջ ազգը տեռորիստ է», — ասում է  ակցիայի մասնակիցներից մեկը:  

Նամակը հանձնելիս ամերիկահայերից մեկն ասել է՝ անհրաժեշտ է, որ Կարմիր Խաչը հրատապ գործի, քանի որ Հայաստանում ապստամբածները չեն ստանում սնունդ, պատշաճ բժշկական օգնություն, մարդիկ, ովքեր ակցիաներից հետո բերման են ենթարկվում՝ զուգարան գնալու հնարավորություն էլ չեն ստանում:

«Երբվանից է Կարմիր Խաչը հավատում կոռումպացված կառավարությանը, ԿԳԲ կառավարությանը: Ես երկուշաբթի գնալու եմ, Կարմիր խաչի պաշտոնյաներից բացատրություն ստանալու, քանի որ ամեն ամիս ես  նվիրատվություն եմ անում Կարմիր Խաչին, ես իրավունք ունեմ իմանալ, ես ուզում եմ, որ Կարմիր Խաչը գնա այդ երկիր՝ կապ չունի՝ ես հայ եմ, թե ոչ: Ինչպես է, որ Կարմիր խաչը գնում է Իրաք, Թուրքիա, բայց չի գնում Հայաստան», — տեսանյութում ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» խումբը դժգոհում է այն փաստից, որ իրենց պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում: «Շտապբուօգնություն» ՓԲԸ-ն բժիշկների հերթափոխը դադարեցնելը  բացատրում է նրանով, որ  բուժաշխատողները վախենում են  զինված ապստամբներից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բժիշկ Հայկ Մանասյանը Lragir.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Կարմիր Խաչը պետք է օգնություն ցուցաբերի ՊՊԾ գունդը գրաված անձանց, քանի որ տղաները զինված են, իսկ ՊՊԾ գունդի տարածքը՝ փաստացի հակամարտության գոտի:

«Որպեսզի տղաները ապստամբ չճանաչվեն, Կարմիր Խաչին արգելել են միջամտել: Բայց, հակամարտության գոտում վիրավորվել են մարդիկ, որոնց անհրաժեշտ է եղել բուժօգնություն: Իշխանություններն անհեռատեսորեն փաստացի զինված հակամարտության գոտի են մտցրել անպաշտպան ու անզեն քաղաքացիական բժիշկներին՝ առանց անվտանգության երաշխիքների: Իսկ պատանդ վերցվելուց հետո արագ կազմակերպվում է իշխանամետ աղմուկ-աղաղակ, որպեսզի ոչ ոք չհասցնի բարձրացնել Կարմիր Խաչի հարցը, և պատասխանատվությունը, իշխանությունների վրայից գցվի ապստամբների վրա», — ասել է Հայկ Մանասյանը: