Home / Հայաստան / «Սասնա ծռերից» երկուսը ՊՊԾ տարածքից դուրս են հանվել. հայտնի չէ խմբի անդամներից մեկի գտնվելու վայրը

«Սասնա ծռերից» երկուսը ՊՊԾ տարածքից դուրս են հանվել. հայտնի չէ խմբի անդամներից մեկի գտնվելու վայրը

ՊՊԾ գնդի տարածքից այսօրն դուրս են հանվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ չնշելով, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

Այս ավելի վաղ հաղորդել էինք, որ այսօր առավոտյան «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում և հիվանդանոց տեղափոխվել:

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության փոխանցմամբ՝ խմբի մեկ այլ անդամ Էդուարդ Գրիգորյանը (լուսանկարում), ով, որոշ տեղեկությունների համաձայն, երկու օր առաջ տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, անհայտ կորել է: 

Փաստաբանները փորձել են նրան փնտրել Երևանի հիվանդանոցներում, սակայն չեն գտել:

«Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում դեռ երկու օր առաջ գրառում էր եղել, համաձայն որի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում Գրիգորյանի գտնվելու փաստն արձանագրող լուսանկար և  տեսագրություն կա: 2 օր առաջ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված հիվանդներից մեկը Epress.am կայքի հետ զրույցում պատմել է, որ վերակենդանացման բաժանմունքում ձեռնաշղթաներով մարդ է  եղել:

«Հիմնադիր խորհրդարանը» պահանջել է պատկան մարմիններից ստույգ տեղեկություն տալ Գրիգորյանի գտնվելու վայրի մասին և զգուշացնում, որ նրա անհետացման և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի վրա:

Իր հերթին, Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում  տեղեկացրել է, որ այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը «Գրիգոր Լուսավորիչ» չի տարվել: Նա, սակայն, չի նշում, թե որտեղ է գտնվում Գրիգորյանը և արդյոք նա վիրավոր է եղել: