Home / Տեսանյութեր / Անհամաչափ ուժ, դաժան վերաբերմունք․ HRW֊ն դատապարտել է ոստիկանության գործելաոճը

Անհամաչափ ուժ, դաժան վերաբերմունք․ HRW֊ն դատապարտել է ոստիկանության գործելաոճը

Հուլիսի 17-ից 31-ն Երևանում կազմակերպվող ակցիաների ընթացքում ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառել և դաժան վերաբերմունք դրսևորել: Հայաստանյան իրավապահ մարմինների նման գործելաոճին նման գնահատական է տվել Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությաունը։

«Լարված մթնոլորտը չի կարող արդարացնել մարդկանց կամայական ձերբակալությունները, նրանց ծեծելը և նրանց դեմ անտեղի քրեական մեղադրանքներ առաջադրելը», ֊ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո ստեղծված իրավիճակին՝ ասել է HRW֊ի Եվրոպայի և Կետրոնական Ասիայի գրասենյակի տնօրենի տեղակալ Ջեյն Բյուքանանը։

Համաձայն իրավապաշտպանական կազմերպության՝ ոստիկանությունն այդ օրերին բերման ենթարկված քաղաքացիներից շատերին ծեծել է, որոշ դեպքերում՝ դաժանորեն։ Բացի դա եղել են դեպքեր, երբ մարդկանց թույլ չեն տվել օգտվել առաջին բժշկական օգնության հնարավորությունից:

«Օրինակ, հուլիսի 18-ին ոստիկանությունն Ազատության հրապարակից բերման է ենթարկել 26-ամյա ակտիվիստ Անդրանիկ Ասլայանին։ Ոստիկանության մեքենայի մեջ նրան և երկու այլ անձի դաժանորեն ծեծել են: Ոստիկանները ոտքերով և բռունցքներով հարվածել են Ասլանյանի թիկունքին, ոտքերին, թքել են նրա վրա, արժանապատվությունը նվաստացնելու համար դեմքը քսել են իրենց կոշիկներին: Ոստիակնններն Ասլանյանին երեք ժամ պահել են մինչ հիվանդանոց տանելը, թեև նա և մյուսները խնդրում էին բժշկական օգնություն», – ասված է Բյուքանանի խոսքում:

Այլ խախտումների թվում կազմակերպությունը նշում է ձերբակալվածների վրա դրվող՝ փաստաբաններին դիմելու և հարազատներին զանգելու արգելքը, ինչպես նաև սննդից օգտվելու և բնական կարիքները հոգալու արգելքը:

HRW-ին դատապարտել է նաև ոստկանության կողմից ցույցերը ցրելու ընթացքում հատուկ միջոցների օգտագործման ձևը։

«Անվտանգության ուժերը չպետք է խլացուցիչ նռնակներ կրակեն ուղիղ դեպի բազմությունը: Չնայած այն հանգամանքին, որ նռնակները տեխնիկապես մահաբեր չեն, նրանց բեկորներն ակնհայտորեն կարող են առաջացնել լուրջ վնասվածքներ՝ ծանր վնաս հասցնելով խաղաղ ցուցարարներին և կողմնակի դիտորդներին: Որոշ նռնակներում պարունակվող պոլիստիրոլը կարող է հալվել նռնականետով արձակման ժամանակ ստեղծված ջերմությունից և առաջացնել լուրջ այրվածքներ: Human Rights Watch-ը փաստագրել է, որ շատ ցուցարարներ ունեցել են առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ», ֊ նշված է կազմակերպության զեկույցում։