Home / Հայաստան / Իսլամիստները իսլամիստների դեմ. Թուրքիայում դուրս է մղվում աշխարհիկ ավանդույթը

Իսլամիստները իսլամիստների դեմ. Թուրքիայում դուրս է մղվում աշխարհիկ ավանդույթը

Հեղինակ՝ Կրիստոֆեր դե Բելեգ

«Թուրքիան ընտրում է Էրդողանին» հոդվածը հրապարակվել է nybooks.com կայքում օգոստոսի 6-ին

Հայերեն ներկայացվում է որոշ կրճատումներով

Հուլիսի 15-ին մի խումբ բարձրաստիճան զինվորականներ գրեթե տապալեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին․ այդ պահից ի վեր նա աջակցություն է փնտրում իր զայրացած և ոգևորված ժողովրդի գրկում։

Երեք շաբաթ է՝ երկիրը կոլեկտիվ էմոցիոնալ սրացումների մեջ է։ Ազգայնականության և կրոնականության մի այնպիսի միատեղում է, որի նման  ես, վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիայի քաղաքականությանը հետևելով, չեմ տեսել, և այն պետք է հանգուցալուծվեր օգոստոսի 7-ին Ստամբուլում իշխանությունների կազմակերպած «ժողովրդավարության սատարման երթով»։

Երկրի հասարակական դաշտն անթիվ նման երթեր է տեսել, որոնց ժամանակ հազարավոր թուրքեր աստղն ու կիսալուսինը թափահարելով՝ պարտավորվում են այլևս պետական դավաճանություններ թույլ չտալ։

Միաժամանակ, թուրքական մեդիան փառաբանում է հուլիսի 15-ի հեղաշրջման «դիմադրության» հերոսներին։ Այդ հերոսներից են Անկարայում և Ստամբուլում տանկերի հարձակումներից զոհվածները, հեղաշրջման դեմ իրենց արտերը վառած գյուղացիները, և իհարկե, Էրդողանը, ով, հազիվ մահվանից կամ բռնվելուց խուսափեց, և կարողացավ սմարթֆոնով կոչ տարածել՝ միլիոնավոր մարդկանց փողոց դուրս բերելով։

Թեև Էրդողանը հեղաշրջման փորձից հետո զտումներ է սկսել ռազմական և քաղաքացիական ծառայություններում, տասնյակ ԶԼՄ-ներ է փակել՝ նա դարձել է թուրքական վիրավորվածի մարմնացումը, նրա հերոսությունը անվիճարկելի է, նրա կուռ և անժպիտ դեմքն ազդում է ազգի հոգեկանի վրա ավելի քան երբևէ։

Հնարավոր աղետից խուսափած լինելու զգացողությունից և հուլիսի 15-ը էպիկանացնելուց, սակայն, արևմտյան առաջնորդներն անմասն մնացին։ Նրանք ոչ այնքան կարեկցում էին ռազմական հեղաշրջման ենթարկվող կառավարությանը, այլ այդ կառավարության թիրախներին։ Ջոն Քերին, օրինակ, կոչ է արել թուրքերին, հեղաշրջումը կազմակերպողներին դատելիս, հարգել․․․ «օրենքի գերակայությունը», իսկ ԵՄ արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին ասել է․ «Մեզ պետք է, որ Թուրքիան հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները»։

Ստամբուլում  և Անկարայում այսիպիսի մեկնաբանություններն ընկալվում են որպես դիտավորյալ վիրավորանքներ ուղղված մի ժողովրդի, որի ցուցադրած հերոսությունը համեմատել կարելի է Գալիպոլիում 1915 թվականին օսմանյան զինվորիների՝ բրիտանական հարձակումը կանխելու քաջության հետ։

Թուրքիայի կառավարության կողմից խրախուսող ազգայնականական զգացմունքներն առայժմ համախմբելու ազդեցություն ունեն։  էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության և  հիմնական ընդդիմադիրների՝ ցենտրիստ֊ձախական Ժողովուրդների Հանրապետական կուսակցության (CHP) ու աջ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունների միջև վեճերն առկախվել են, Էրդողանը հետ է վերցրել  մամուլում կամ Twitter-ում իբր իրեն վիրավորած մարդկանց դեմ բերված հազարավոր բողոքներ։ Իշխանությունները հանրային տրանսպորտն անվճար են դարձրել Անկարայում և Ստամբուլում (ինչը ևս մեկ խթան է  ժողովրդավարության երթին գալու), իսկ կանգառների անունները փոխվել են hուլիսի 15-ին զոհվածների անուններով։

Թուրքական այս հակազդեցությունն ընկալել կարելի է, եթե գնահատենք հեղաշրջման հարվածի ուժգնությունը։ Հուլիսի 15-ը երկիրը ռազմական բռնապետության վերածելու բարձրաստիճան զինվորականների փորձն էր։  Որքան գիտենք, այն իրականացվեց ԱՄՆ֊ում գտնվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունից, ում շարժումը թուրքական պետական ապարատում բազում հետնորդներ ունի։ Գյուլենը հերքում է հեղաշրջման փորձին իր մասնակցությունը, բայց Թուրքիան պահանջում է նրա արտահանձնումը։

1960 թվականից ի վեր Թուրքիայում 3 ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել, մի քանի չստացված փորձեր։ Դատելով անցյալից՝ զինված ուժերում շուտով կլինեն խոսքի ազատության սահմանափակումներ, խոշտանգումներ, մահապատիժներ։ Քանի որ բանակը միասնական չէ, քաղաքացիական պատերազմի հավանականություն կա։ Բնական է, որ հեղաշրջման այս փորձից հետո մարդու իրավունքներ հարգելու մասին արևմտյան առաջնորդների խորհուրդներն ամենաքիչը որպես չկամություն  ընկալվեցին, եթե ոչ  չարախնդություն։ 

Թուրքիայում տարածված կասկած կա, որ Արևմուտքն էր կանգնած հեղաշրջման հետևում և գիտեր դրա մասին։ Գյուլենն ԱՄՆ֊ում է ավելի քան 10 տարի, ապրում է Փենսիլվանիա նահանգում, և ԱՄՆ իշխանությունները պետք է, որ լավ տեղյակ լինեն նրա ծրագրերի մասին, և այն մասին, թե ով է նրան այցելում։ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապերի տվյալներով,  ձերբակալված թուրք  գեներալներից շատերը կարևոր դեր էին խաղում «Իսլամական պետության» դեմ  պատերազմում, և նրանց տեղը կերևա։ 

«Սա հետընթաց է լինելու մեր և թուրքերի համագործակցության մեջ», – ասել է նա։

Էրդողանն ամերիկացիներին մեղադրել է «հեղաշրջման կազմակերպիչների կողմից լինելու» մեջ։ Նախագահի աջակիցները կարծում են, որ ԱՄՆ֊ն ցանկանում է վնասել Էրդողանին, քանի որ նա ուժեղ առաջնորդ է և Թուրքիան դարձրել է տարածաշրջանային ուժ։ Այնքան կլսեք խոսակցություններ հեղաշրջման ներմուծված լինելու մասին, կկարդաք հոդվածներ, թե հեղաշրջման նպատակը երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելն է, որ չեք էլ մտածի, որ իրականում հեղաշրջման փորձը արել են թուրքեր, դրա դեմն առել են թուրքեր, և որ այդ ամենը երկու թուրքական կազմակերպությունների՝  «Արդարություն ու զարգացում» կուսակցության և Գուլենի խմբի միջև հակամարտության մի դրվագն էր։

Հեղաշրջման փորձն ուժեղացրեց միասնությունը Էրդողանի և նրա աջակիցների միջև, ինչը կարելի էր տեսնել հուլիսի 29֊ին, երբ նախագահն ու իր համախոհները՝ հուլիսի 15-ի զոհերի հարազատների հետ, իրար մեծարելու հավաքվեցին Անկարայի նորակառույց նախագահական նստավայրում։

Էրդողանի ելույթը  իսլամական շովինիզմի, ագրեսիվության և քսենոֆոբիայի  խառնուրդ էր։ Էրդողանը հայտարարեց նոր  «անկախության շարժման» մեկնարկը, սովորականի պես դժգոհեց Արևմուտքից, ասաց, որ Աստծո ստրուկն է և պատրաստ է նահատակվել։ Հարցրեց՝ հնարավոր է արդյոք, որ  դավադիրները թուրք ու մահմեդական լինեն, լսարանը բղավեց՝ «ՈՉ»։  

Միաժամանակ, կառավարությունը շարունակում է անվտանգության միջոցների խստացումը։ Արտակարգ դրություն հայտարարելով հուլիսին՝ որոշում է կայացվել վերակազմավորել զինված ուժերը և ձերբակալվածներին առանց մեղադրանքի պահել  24 ժամի փոխարեն 30 օր։ Բացի 10 000 ձերբակալված զինվորականներից, ևս 3000֊ի լիազորությունները դադարեցվել են։ 

Թուրքերը նորից, ի տարբերություն Արևմուտքի, այս ամենին այլ տեսանկյունից են նայում՝ զտումները մի բան էլ  քիչ են ու ուշացած։ Էրդողանը ավելի վաղ ընդունել էր, որ իր նախկին համագործակցությունը գյուլենիստների հետ ընդդեմ երկրի աշխարհիկ  հիմքի, որը նրա մարտավարությունն էր մինչև 2012 թվականը, սխալ էր։ Աշխարհիկ մարդիկ, այսպիսով, դուրս մնացին հանրային կյանքից, հիմա իսլամիստների երկու ճամբար իրար է ուտում։

Բացի  ՆԱՏՈ-ի երկրորդ խոշորագույն բանակը  դատարկելուց՝ իշխանությունները նաև հետապնդում են մասնագիտական   միություններին և առևտրական կազմակերպություններին. հետաքննություններ են սկսվել 8.000  մասնավոր ընկերություներում, Գյուլենի հետ  կապված տասնյակ դպրոցներ ու համալսարաններ փակվել են։  

Պետական աշխատող մի ընկեր ինձ ասաց, որ 2 մարդու ազատել են միայն իրենց բաժնից։ 

Նույն բանը տեղի է ունենում երկրի բոլոր պետական հաույցներում։ Լիբերալներն ու ձախերը մտահոգություն են  հայտնում, որ իշխանությունների ցանցը կընկնեն նաև անմեղները, բայց ընդհանուր առմամբ կա ըմբռնում, որ պետությունը պետք է այս բացառիկ ժամանակներում իր հզորությունը վերահաստատի։

Մարդու իրավունքները մոռացված են։ Թուրքիայում իրավապաշտպան ակտիվիստները հիմնականում քրդեր են  և հիշում են, որ հակաքրդական ամենադաժան ռեպրեսիաների հեղինակները հենց գյուլենիստներն են եղել։

Ինչպես ասաց վհուկների որսի հետևանքով աշխատանքից հեռացված մի սպա՝  գյուլենիստներին ատում են բոլորը։ 

Եթե տասը տարի առաջ թուրքերի մեծ մասը ցանկանում էր մտնել Եվրամիություն, ապա հիմա  այդպես չէ։  Եվրոպայի միջամտությունն իրենց երկրի այս առանձնահատուկ վիճակին նույնիսկ նյարդայնացնող է  թուրքերի համար։ Հուլիսի 15-ի չստացված հեղաշրջումը Թուրքիան ավելի ավտորիտար և  հիշաչար կարող է դարձնել։ Առայժմ  մարդիկ  կարծես ընդունում են  ժողովրդավարության էրդողանի  տարբերակը, եթե այն կպաշտպանի գյուլենիստների ռազմական իշխանությունից։