Home / Հայաստան / Եղնուկյանին ճիշտ տեղեկություն տարածելու համար մեղադրանք են առաջադրում

Եղնուկյանին ճիշտ տեղեկություն տարածելու համար մեղադրանք են առաջադրում

Հուլիսի 19-ից անազատության մեջ գտնվող «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը երկու դրվագով տեղեկություններ է տարածել, որի համար, ըստ մեղադրող դատախազի, պետք է պատասխանատվության ենթրակվի։ Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:

Համաձայն մեղադրականի, Եղնուկյանը հուլիսի 17֊ին տեղեկություն է տարածել, որ ոստիկանական տեխնիկան շարժվում է դեպի այն ժամանակ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված Ոստիկանության ՊՊԾ գունդը և այնտեղ գրոհ է լինելու։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ մեղադրող դատախազը նշում է, որ այդ տեղեկությունը ճիշտ էր։ Այսինքն, նշում է Հայրապետյանը, դա խուճապ առաջացնող ապատեղեկատվություն չէր։

«Կամայական լրագրող էլ կարող էր դա գրած լիներ։ Նրանք ասում են, որ այդ տեղեկությունը պետք է գաղտնի մնար», ֊ ասել է պաշտպանը։

Կարո Եղնուկյանին մեղադրում են նաև այն տեղեկությունը տարածելու մեջ, թե «Սասնա ծռերի» անդամներին զենքերը վայր դնելուց հետո կալանքի վայրերում անորակ սնունդ են տալիս։ Համաձայն մեղադրանքի՝ այս տեղեկությունով փորձ է արվել վնաս հասցնել Ոստիկանության բարի համբավին։

«Տեղեկություններ տարածելը ազատություն է և պաշտպանվում է Սահմանադրությամբ։ Այսինքն՝ այնտեղ ենք հասել, որ կամայական տեղեկություն հայտնելու համար անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել», ֊ ասել է Տիգրան Հայրապետյանը։