Home / Բանակ / ԱԺ-ն վերարտադրել է քննչական մարմինների կեղծիքը, պնդում է մահացած զինվորի հայրը

ԱԺ-ն վերարտադրել է քննչական մարմինների կեղծիքը, պնդում է մահացած զինվորի հայրը

«Ազգային ժողովը, չնայած խոստումներին, ոչինչ չի անում որդուս մահվան հանգամանքները պարզելու համար»։ Այս մասին Epress.am-ին ասել է 2013 թվականին ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկում մահացած 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը։

Մահացած զինվորի հայրն այսօր ԱԺ-ի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանից մի տեղեկանք է ստացել, որտեղ հաստատվում է, որ Արման Մուրադյանը ոչ թե սպանվել է, ինչպես պնդում է հայրը, այլ ինքնասպանություն է գործել։

«Հերթական կեղծիքը որդուս մահվան հանգամանքները պարզաբանելու հետ կապված, այս անգամ էլ Ազգային ժողովից ստացա», – ասել է Հովսեփ Մուրադյանը։

Նա և խաղաղ պայմաններում մահացած մի քանի զինվորների ծնողներ 2015 թվականի հուլիսին նամակով դիմել էին ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԺ մի քանի հանձնաժողովներին՝ պահանջելով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի իրենց զավակների գործերով։

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ հարցը ուղարկվել էր ԱԺ՝ պատճառաբանությամբ, որ հանձնաժողովների ստեղծման հարցը խորհրդարանի լիազորությունների տիրույթում է։ Մինչև օրս ժամանակավոր հանձնաժողովը չի ստեղծվել։ ԱԺ֊ն, ամեն դեպքում, քննչական մարմիններից դեպքերի մասին տեղեկանքներ է խնդրել և տրամադրել ծնողներին։

«ԱԺ-ն քննչականից պահանջել է մեր որդիների քրեական գործերը, սրանք էլ տպել ու նույնությամբ ուղարկել են, իսկ ԱԺ-ն էլ, ոչ մի աշխատանք չկատարելով, նույնությամբ մեզ է տվել քննչականի պատասխանը», – ասել է մահացած զինվորի հայրը։

Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը գոնե կարող էր անդրադարձ կատարել այն փաստին, որ իր որդին մահացել է ոչ թե իրեն ամրակցված զենքի կրակոցից, ինչպես նշվում է գործում, այլ միանգամայն այլ զինատեսակից, որի մասին նշում անգամ չկա Արման Մուրադյանի զինվորական գրքույկում։

Նշենք, որ, համաձայն պաշտոնական վարկածի՝ Արման Մուրադյանը ինքնասպան է եղել իրեն ամրակցված զենքով։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ գործում կան մի շարք հանգամանքներ, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը։ Ի թիվս այլ հանգամանքների՝ փորձագետը նշում է, որ զենքի վրա Մուրադյանի մատնահետքերը չեն եղել, բացի դա զինվորը չի մահացել ընդհուպ կրակոցի հետևանքով․ կրակոցն արձակվել է 1-1,5 մետր հեռավորությունից։ Տուժող կողմը, անցնելով հայաստանյան բոլոր ատյանները, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։