Home / Բանտ / «Հնարավոր չէ բացահայտել մեղավորին»․ Բանտում մահացածի գործը կասեցրել են

«Հնարավոր չէ բացահայտել մեղավորին»․ Բանտում մահացածի գործը կասեցրել են

Այս տարվա մարտի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Մխիթար Սարգսյանի մահվան գործի քննությունը կասեցվել է՝ մեղավոր անձանց չհայտնաբերելու հիմքով։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով՝ թերի քննություն է կատարվել՝ սպանությունը չբացահայտելու նպատակով։ Նա պատրաստվում է բողոքարկել կասեցման որոշումը՝ պահանջելով հիմնավորումներ ներկայացնել։ Նշենք, որ Սարգսյանի մահվանից անմիջապես հետո քննությունը որպես վարկած դիտարկում էր ինքնասպանության հասցնելը։

«Փաստորեն, գործը կասեցնելով, ընդունում են, որ Սարգսյանն ինքնասպանություն չի գործել, բայց քննիչը համարել է, որ այս պահին հնարավոր չէ բացահայտել մեղադրյալին։ Հակառակ դեպքում՝ գործի քննությունը ոչ թե կկասեցնեին, այլ կկարճեին», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Սաքունցը։ Նրա խոսքով՝ կասեցման որոշում սովորաբար կիրառվում է, երբ ակնհայտորեն կա հանցագործություն, սակայն չեն ուզում պատասխանատվության ենթարկեն․ «Գործն ուղղակի սառեցնում են և թողնում անորոշության մեջ»։

Նման դեպքում կասեցման որոշում կիրառելն իրավապաշտպանը համարել է արտառոց, քանի որ «բանտում՝ սահմանափակ տարածքում, անհնար է չգտնել մեղավորին»։

Սաքունցի կարծիքով՝ եթե պետությունն իր ենթակայության տակ գտնվող անձի սպանությունը չի կարողանում բացահայտել, ուրեմն արդյունավետ քննություն չի կատարվել։

«Շատ հստակ է՝ որտեղ է գտնվել Մխիթարը, որ խցում։ Փաստորեն մահացածը և հնարավոր կասկածյալը գտնվել են միևնույն հիմնարկի ներսում, սահմանափակ տարածքում և պետության հսկողության տակ։ Այսինքն՝ պետությունն իր հսկողության տարածքում գտնվող անձանց չի կարողանում բացահայտել, հետևաբար հարց է առաջանում քննության արդյունավետության մասին․ մենք չգիտենք՝ Սարգսյանի խցակիցներին բոլորին հարցաքննե՞լ են, թե ոչ, ինչպե՞ս են հարցաքննել, հարցաքննվողներն ունեցել են պատշաճ իրավական աջակցությո՞ւն, թե ոչ, քննիչի կողմից համապատասխան ջանք գործադրվե՞լ է, թե ոչ, նրա գործողություններն ուղղվա՞ծ են եղել հայտանբերվելուն, թե դրանք եղել են պասիվ կրավորական, ձևակա՞ն է եղել քննությունը, թե բովանդակային», – ասել է Սաքունցը։

Նա նաև անդրադարձել է մի կարևոր փաստի ևս՝ կասեցման որոշումից հետո, ըստ օրենքի, իրենք իրավունք չունեն ծանոթանալ, թե մինչ այդ ինչ քննություն է կատարվել։ Իրավապաշտպանը դա համարել է օրենսդրական բաց․ «Քրեական գործին կարող ենք ծանոթանալ՝ երբ այն կա՛մ ավարտված է, կա՛մ կարճված»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն անդրադարձել է նաև ինքնասպանություն հասցնելու մասին պաշտոնական վարկածին՝ այն համարելով ոչ արժանահավատ․ «Սարգսյանն ինքնասպանություն գործելու շարժառիթ չի ունեցել։ Հատկապես այն դեպքում, երբ նա մի քանի օրից պետք է ազատվեր բանտից։ Այս գործը թերևս առնչություն ունի Վարդգես Գասպարիի նկատմամբ քրեակատարողական հիմնարկում կիրառված բռնությունների հետ»։

Սարգսյանի գործի մասին մարտին բարձրաձայնել էր ինժեներ, նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին։ Նա համոզմունք էր հայտնել, որ Սարգսյանը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են իրեն «ոչ բավարար ջանասիրությամբ» խոշտանգելու համար:

Հանգուցյալի կինը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ամուսինը կապ չի ունեցել Գասպարիին խցում խոշտանգելու հետ և իրականում ամուսնուն սպանել են, քանի որ «իր վրա չի վերցրել» Գասպարիին ծեծելու մեղքը: Սաթենիկ Հովսեփյանն ընդգծել էր, որ ամուսինը բանտից պետք է ազատ արձակվեր մահվանից 2 օր անց. դա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Սարգսյանը չէր կարող ինքնասպան լինել։