Գլխավոր / Բանակ / Զինվորը հակառակորդի կրակոցից չի զոհվել․ պաշտոնական վարկածը փոխվեց

Զինվորը հակառակորդի կրակոցից չի զոհվել․ պաշտոնական վարկածը փոխվեց

Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում: Այս մասին կիրակի հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է։

Շաբաթ օրը նույն գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել Օրդուբեկյանի մահվան մասին՝ նշելով, որ վերջինս «Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել»։ Դրանից քիչ անց ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախնական տվյալներով՝ 02.09.2016 թվականի ժամը 23:30-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը»: Քրեական գործ էր հարուցվել «ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ»։