Home / Բանտ / Արարատ Խանդոյանը բանտում հացադուլ է հայտարարել

Արարատ Խանդոյանը բանտում հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը, հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ իր ձերբակակությունն ապօրինի է։

Խանդոյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը իր նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում, որի հետևանքով ինքը սեպտեմբերի 6-ից հացադուլ է անելու։

«Քրեաօլիգարխ համակարգը հաշվի չի առնում, որ ես հանդիսանում եմ արցախյան ազատամարտի մասնակից, որի ընթացքում 12 անգամ ստացել եմ բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։ Ռեժիմը սպառել է իրեն, քանի որ ինձ ապօրինի պահում են կալանքի մեջ: Այդ իսկ պատճառով սկսել եմ հացադուլ», – գրել է Խանդոյանը իր հայտարարության մեջ:

Նշենք, որ Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հանրահավաքներ էին անցկացվում՝ ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի։ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):

Ձերբակալության ժամանակ նրա եղբայրը՝ Արայիկ Խանդոյանը, «Սասնա ծռեր» խմբի կազմում գտնվում էր Էրեբունի թաղամասի Ոստիկանության պարեկապահակային գնդում։ Խումբը գունդը գրավել էր հուլիսի 17-ին։ Արարատի հարազատները համոզված են, որ նրան ձերբակալել են միայն Արայիկ Խանդոյանի եղբայրը լինելու համար։

Լուսանկարը՝ 1in.am