Home / Ազգային ժողով / ԱԺ-ի դիմաց հավաքվածներն ուզում էին հասկանալ՝ ինչով են զբաղված պատգամավորները

ԱԺ-ի դիմաց հավաքվածներն ուզում էին հասկանալ՝ ինչով են զբաղված պատգամավորները

Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այսօր մոտ երկու տասնյակ քաղաքացիներ ցանկանում էին պատգամավորների կարծիքն իմանալ «Սասնա ծռեր» խմբի անդամների մասին։

Ակցիայի մասնակիցներից Վարսենիկ Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, ԱԺ֊ի մոտ են եկել հասկանալու համար, թե ովքեր են պատգամավորները, ինչ են իրենցից ներկայացնում և ինչով են զբաղված։

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ են պատգամավորները պատրաստվում անել այն մարդկանց հանդեպ, ովքեր կառուցել են մեր երկիրը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով «Սասնա ծռեր» խմբի անդամներին, որոնցից մի մասը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին։

Ակցիայի մեկ այլ մասնակից, ինժեներ Վարդգես Գասպարին նշել է, որ իր համար ավելի կարևոր է, որպեսզի ՀԱԿ խմբակցության պատգամավորները վերջապես հայտնեն խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, քանի որ ինքը նրանց է ձայն տվել։

Նա ընդգծել է, որ ՀԱԿ պատգամավորները չպետք է մոռանան, որ ներկայիս քաղաքական վերնախավը բռնություններով ու սպանություններով է եկել իշխանության։

«Կարծես, իմ պատգամավորները մոռացել են մարտի 1-ի սպանությունները։ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորների սպանությունը, կարծես թե նորից չեմ հիշում, որ ՀԱԿ պատգամավորները դատապարտած լինեն», ֊ ասել է Գասպարին։

Նա նաև ընդգծել է, որ չի կարծում, թե իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «խամաճիկ ընդդիմադիրների կարծիքը» պետք է տարբերվի ՀՀԿ֊ի կարծիքից, բայց ակնկալում է, որ ՀԱԿ պատգամավորների կարծիքը պետք է տարբերվի դրանից։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պատգամավորներից ոչ ոք չի ցանկացել խոսել իրենց հետ, և միայն ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն է մոտեցել ցուցարարներին և ասել, որ ինքը համաձայն է, որ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին համաներմամբ ազատ արձակեն։