Home / Հայաստան / Մեդիան՝ իշխանության գործիք․ «Կիսաբաց լուսամուտներ»֊ը և ԶԼՄ֊ների էթիկան

Մեդիան՝ իշխանության գործիք․ «Կիսաբաց լուսամուտներ»֊ը և ԶԼՄ֊ների էթիկան

Սոցիոլոգ Աննա Ժամակոչյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դիմել էին Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմնին՝ «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի 2016 թվականի մարտի 22-ի«Վտանգավոր լռություն» հաղորդման բովանդակությունը քննության առնելու խնդրանքով։ Հաղորդման հյուրն է եղել Վլադիկ Մարտիրոսյանը, ով ամիսներ անց՝ հուլիսի 8-ին, կացնահարել էր նախկին կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, և նրա ծնողներին: Հաղորդման  ընթացքում նշվում էր, որ կինը Մարտիրոսյանին, ով ալիմենտներ չի վճարում, թույլ չի տալիս տեսնել երեխային։ Հաղորդման ընթացքում Մարտիրոսյանը և ներկաները թիրախավորում էին Մանսուրյանի մորը՝ խիստ բացասական կարծիքներ էին հնչեցնելով նրա մասին։

Էթիկայի դիտորդ մարմին ներկայացրած դիմումի, դրա պատասխանի և առհասարակ հասարակության մեջ մեդիայի դերի և ազդեցությունների մասին Epress.am-ը զրուցել է Աննա Ժամակոչյանի հետ։

«Այսօր զանգվածային մեդիան մի կողմից բիզնես է և քաղաքականություն, իսկ մյուս կողմից կախված է բիզնես և քաղաքական դաշտերից։ Եվ հարց է առաջանում, թե այսպիսի կախվածության պայմաններում ի՞նչպես կարող է այն գործառնել, ինչ դեր կարող է այն ունենալ հանրության համար», – Ժամակոչյանի կարծիքով՝ Հայաստանում այսօր լրատվամիջոցները մեծամասամբ աջակցում են գոյություն ունեցող պահպանողական բարոյականության և իշխանության վերարտադրությանը։ Ներկայումս հայաստանյան մեդիա կառույցների գերկշիռ մասը, հատկապես հեռարձակվողները, իշխող վերնախավի գործիքն են պնդում է սոցիոլոգը, որոնք զուգահեռաբար աշխատում են լսարանի քանակական ցուցանիշ ապահովելու ուղղությամբ։

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ, ինչպես արձանագրել է դիտորդ մարմինը, անտեսվել է Թագուհի Մանսուրյանի անձնական կյանքին չմիջամտելու իրավունքը, հաղորդման մեջ բացակայում է երկրորդ կողմի՝ Թագուհու և նրա ընտանիքի տեսակետը, անօրինական կերպով օգտագործվել է գաղտնի կատարված ձայնագրություններ։

«Դիտորդ մարմինն արձանագրել է այս փաստերը, սակայն շատ հարցերիս պատասխան չեմ ստացել», – ասել է Ժամակոչյանը։ Որպես օրինակ՝ նա նշել է հաղորդման հյուրերի ընտրության չափանիշի հարցը, որին ԶԼՄ-ների դիտորդ մարմնի պատասխանի մեջ բավարար անդրադարձ չի կատարվել։

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ հատուկ հրավիրված հյուրերը, մասնագետները սովորաբար հաղորդման հերոսներին խորհուրդներ և լուծումներ են առաջարկում։

«Դիտորդ մարմնին ուղղված իմ հայտում խնդրել էի, որ անդրադառնան, օրինակ, հաղորդման կառուցվածքի, հրավիրված հյուրերի կազմի ձևավորվման հարցերին, ասենք՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում նրանք։ Ներկա հյուրերը հաճախ շեղվում են մասնագիտական տեսանկյունից, բացի այդ կարևոր է, թե տվյալ մասնագետը որ սոցիալական խմբերի շահերն է ներկայացնում։ Մյուս կարևոր կողմը այսպես կոչված «հայտնիների» մասնակցության հարցն է։ Օրինակ՝ ի՞նչ հիմքով է դերասան-հյուրը խոսում իրավական խնդրի մասին։ Նա կարծիք է հայտնում, որովհետև պարզապես հայտնի՞ է, բայց ի՞նչ սոցիալական դերով է նա հայտնի, բացի իր դերասանական գործունեությունից։ Այդ բոլոր հյուրերն էլ, լինեն մասնագետներ (հրավիրվում են փաստաբաններ, հոգեբաններ-խմբ.), թե ոչ, խոսում են անհավասար և պահպանողական բարոյականության տեսանկյունից։ Ինձ հետաքրիր է, թե ի՞նչ հիմքով են նրանք կարծում, թե կարող են կոնկրետ մարդկանց մասնավոր կյանքի մասին, այն էլ այդպիսի նուրբ թեմաներով, այդքան միանշանակ գնահատականներ և խորհուրդներ տալ»:

Նրա խոսքով՝ հաղորդումը, որը կարծես թե կոչված է հաղորդման հերոսի խնդիրներին լուծում առաջարկելու համար, էլ ավելի է խորացնում դրանք։

«Կոնկրետ այս՝ «Վտանգավոր լռության» հաղորդման համար կարող ենք ասել, որ հերոսի՝ Թագուհու նախկին ամուսնու հետապնդման վարքը խրախուսվել է գրեթե բոլոր հյուրերի կողմից։ Դահլիճում նստածներից ոչ ոք չի նկատում, որ այդ մարդը հետապնդում է իր նախկին կնոջը։ Ավելին, գովաբանում և խրախուսում են նրան՝ որպես հետևողական հոր։ Հստակ երևում է, որ Թագուհու մայրը՝ Վլադիկ Մարտիրոսյանի զոքանչը, ով հետագայում մահացավ կացնահարման հարվածներից, հաղորդման ընթացքում կոնկրետ թիրախավորվել և պիտակավորվել է գրեթե բոլորի կողմից։

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն իր պատասխանում հորդորել էր «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերության ղեկավարությանը նման թեմաներ լուսաբանելիս ավելի նրբանկատ լինել:

«Ես ավելի մանրամասն վերլուծություն պահանջող հարցերով էի դիմել էթիկայի դիտորդ մարմնին, թեև դժվար է պատկերացնել, թե փորձգիտական խորհուրդը կարող էր ավելին անել։ Նրանցից սպասում էի նաև պատասխան, թե կա՞ն, արդյոք, այլ հանրային հնարավորություններ կամ ուղիներ հաղորդման հեղինակներին պատասխանատվության կանչելու։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել նաև, որ էթիկայի դիտորդ մարմինը չունի ոչ մի լծակ, այն ինքնակառավարվող մարմին է, և միայն խորհրդատվական կարծիք կարող է արտահայտել», – սոցիոլոգի կարծիքով ԶԼՄ-ների էթիկայի հանձնախմբի որոշումը կարող էր արդյունավետ լինել այն դեպքում, եթե լրատվամիջոցները Հայաստանում իրոք ազատ լինեին:

«Պատկերացնել, որ «Ա ԹԻ ՎԻ» -ի լրագրողները սրտնեղելու են՝ մի քիչ դժվար է, բայց գոնե այդ քննադատությունը հանրայնորեն հնչեցնելը ես կարևոր եմ համարում: Հուսամ, որ հաջորդ անգամ, երբ նույնանման հաղորդում կազմակերպեն, հաշվի կառնեն այս կարծիքները: Իհարկե լավագույն լուծումն այն կլիներ, որ հաղորդաշարի աշխատակազմը այնքան ինքնաքննադատ լիներ, որ հրաժարվեր հաղորդումներն այս ոճով և ձևով անելուց, ժամանակավորապես կասեցներ աշխատանքը և թիմը լուրջ վերապատրաստում անցներ», – ասել է Ժամակոչյանը։ Նա կարծում է, որ դիտորդ մարմնի գնահատականները գուցե ուղենիշ կլինեն նաև մյուս բոլոր լրագրողների համար, որոնք անդրադառնում են ընտանեկան և այլ խնդրահարույց թեմաների:

Սոցիոլոգը Epress.am-ի խնդրանքով անդրադարձել է նաև վերջերս «Իրավունք» թերթում հրապարակված «Տասնյոթ տարի էդ լիրբը եղել է միանգամից երկու եղբայրների կինը» վերնագրով հոդվածի այլ ԶԼՄ֊ներում արտատպումներին։ Հոդվածում պատմվում է օգոստոսի սկզբին Դիլիջան քաղաքում 45-ամյա Վարդան Եսայանի կողմից որսորդական հրացանով եղբոր՝ 37-ամյա կնոջ`Գայանե Կոխլիկյանին վիրավորելու դեպքը: Կինը 12 օր հիվանդանոցում է անցկացրել, իսկ դեպքից 14 օր անց ինքնասպանություն գործած Եսայանի դին հայտնաբերվել է անտառում: Թերթը մեծ հարցազրույց է արել Եսայանների հարազատներից մեկի հետ, որի խոսքով՝ այս ամենի պատճառը Եսայանի և եղբոր կնոջ ինտիմ կապն է եղել: Թերթի հոդվածը գրեթե ամբողջությամբ Գայանեի «արատավոր» վարքի և «անբարոյականության» մասին էր: Հատկապես Գայանեի վարքին վերաբերող հատվածները մի շարք թերթեր վերահրապարակել էին:

«Ինչպե՞ս է գործառնում մեդիա-տնտեսություն կոչվածը. մեդիան իշխանության գործիքն է, և որպես այդպիսին պետք է լսարան ապահովի, դրա համար նրան պետք են «հետաքրքիր» սկանդալներ: Բայց գլխավոր հարցն այն է, թե ում են առնչվում այդ սկանդալները։ Ինչպես տեսնում ենք, դրանք մեզնում մեծամասամբ անպաշտպան և խոցելի խավերի շուրջ են։ Հետաքրքիր է, օրինակ, արևմտյան թերթերում սկանդալային նյութերը վերաբերում են ավելի շուտ հայտնի և վերնախավի մարդկանց, իսկ մեզ մոտ՝ անպաշտպաններին, գյուղացիներին, խոցելիներին։ Մենք գիտենք, որ Հայաստանում հարուստ, իշխանություն ունեցող շատ մարդիկ, հատկապես տղամարդիկ, ունեն մեկից ավելի կին կամ ընտանիք, բայց ոչ մի լրագրող չի գնում նրանց կանանց կամ բարեկամներին հարցնում, թե ինչքանով են այդ կանայք տառապում։ Ոչ ոք չի լուսաբանում այդ ընտանիքների ողբերգությունները։ Փոխարենը լուսաբանվում է փոքր քաղաքի կին բնակչի պատմությունը, բայց եթե դա լիներ ինչ-որ ազդեցիկ տղամարդու կամ որևէ հարուստ մի ընտանիքի պատմություն, արդյո՞ք այս նույն թերթը կլուսաբաներ այն։

Նշված հոդվածում վերցրել են ամենախոցելի, անպաշտպան մարդկանց և էլ ավելի են թիրախավորել։ Այստեղ մենք ունենք երկու առումով թիրախավորում. սոցիալական խավը և սեռային պատկանելիությունը: Այնուամենայնիվ, ի՞նչ հարց են լուծում այս հոդվածը կամ վերը նշված հաղորդումը․ դրանք ոչ մի սոցիալական հարց չեն լուծում (եթե չասենք, որ վնասում են), այլ միմիայն սեփական լսարանի ծավալներն են ապահովում», ֊ նշել է մեր զրուցակիցը։

Սոցիոլոգը կարծում է, որ այս պատմությանը մեդիան կարող էր անդրադառնալ, բայց ոչ թե կնոջ բարոյականության, այլ բոլորովին այլ տեսանկյունից․

«Մտահոգ մեդիան կարող էր բարձրացնել այն հարցը, թե ինչպես և ինչ պայմաններում է տեղի է ունենում ընտանիքի ձևաչափի փոփոխություն Հայաստանում և ինչպես է դա ընդունվում կամ մերժվում միջավայրի կողմից։ Սովորականից տարբերվող ընտանիքի ձևերը շատ են մեր շուրջը, բայց դրանք չեն լուսաբանվում պայմանների և պատճառների տեսանկյունից, օրինակ, գուցե թե դա տնտեսակարգի փոփոխության հետևանք է։ Այսպիսի հարցեր, խորքային խնդիրներ լրատվամիջոցները չեն դնում իրենց առաջ։ Այնինչ, նույնիսկ այդ հոդվածում երևում է, որ կա տնտեսական գործոն, և սոցիալական հարցերով մտահոգ լրագրողը դա կնկատեր և կշեշտադրեր, սակայն դրա փոխարեն գլխավորը մնում է «լրբի» հարցը։

Մեդիայի շուրջ մոտեցումները տարբեր են, բայց, այո, մեդիան ազդում է հանրային կարծիքի և մտածողության ձևերի վրա։ Ճիշտ է, դա ուղիղ ազդեցություն չէ, այլ համակարգային է։ Այն ազդում է մշակութային դրության, արժեքների, մտածողության ձևավորման կամ վերարտադրման վրա, և որ ամենասարսափելին է, այն բերում է ստանդարտացման, անհամատեքստ սոցիալական պատկերացումների ստեղծմանը և պահպանմանը։ Սարսափելի է նաև այն, որ լուծումներ չկան, բայց կան անելիքներ։ ԶԼՄ֊ների մասով գլխավոր անելիքն առնչվում է հենց մեդիայի՝ որպես ինստիտուտի, դրա համակարգային պրոբլեմների հաղթահարմանը։ Արդյո՞ք առկա մեդիա հաստատություններն ի վիճակի են հանրային խնդիրներին լուծումներ առաջարկել, և եթե ոչ, ապա ինչպես պետք է վերափոխվի մեդիան։ Իսկ ավելի ընդհանուր առումով անելիքներից, թերևս, այն է, որ քայլեր ձեռնարկվեն հասարակության մեջ քննադատական մտածողության ձևավորման և զարգացման ուղղությամբ, որպեսզի մարդիկ ավելի հակված լինեն խուսափել պարզունակ գնահատականներից, ընկալեն սոցիալական կյանքի բարդությունները, քայլեր ձեռնարկվեն կնատյացությունը և առհասարակ տարբերվողների, անպաշտպանների հանդեպ ատելությունը հաղթահարելու ուղղությամբ»։