Home / Հայաստան / Էջմիածնում կրակոցներ են հնչել, բախվել են քաղաքապետի թեկնածուները. 1in.am

Էջմիածնում կրակոցներ են հնչել, բախվել են քաղաքապետի թեկնածուները. 1in.am

Գալիք կիրակի Էջմիածնում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բախում է տեղի ունեցել Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանի միջև։ Ինչպես գրում է 1in.am֊ը, Էջմիածնում սեպտեմբերի 16-ի երեկոյան դրությունը խիստ լարված է եղել, ոստիկանությունը թաղամասերից մեկում հսկողություն է իրականացրել։

Կայքը նշում է, որ երեկ ժամը 23:30-ի ժամանակահատվածում Էջմիածնում տեղի է ունեցել արտակարգ դեպք: Կրակել են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու, Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ: Կարեն Գրիգորյանը այդ պահին եղել է մեքենայի մեջ:

Ըստ 1in.am֊ի կրակոցները հնչել են «Վազ 21/06» մակնիշի մեքենայի միջից, որի մեջ գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, որը ևս գտնվել է մեքենայի մեջ:

Ըստ կայքի տեղեկությունների՝ Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև ավելի ուշ տեղի է ունեցել բախում: Կարեն Գրիգորյանի թիմակիցները մեքենայով հարվածել են այն մեքենային, որից կրակոցներ են արձակվել և խլել հրազենը:

«Իմ եղբորորդին և Արթուր Թումանյանը այս պահին գտնվում են հիվանդանոցում, իսկ ոստիկանությունը մեր թաղամսում հսկողություն է իրականացնում, որ հանկարծ մեզ հետ բան չպատահի», ֊ կայքի հետ զրույցում ասել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը։

Վերջինիս համաձայն, Էջմիածնում պարեկային ժամ է: Նա նշել է, որ միջադեպը հրահրել են Կարեն Գրիգորյանն ու իր թիմակիցները. «Իրանք են էկել մեր թաղերը: Սա ազգիս վերջն ա, ազգիս խայտառակությունը: Վերջ»:

Աբգարյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունը օբյեկտիվ քննություն կիրականացնի, և իրական մեղավորները կպատժվեն:

Էջմիածնում քաղաքապետի պաշտոնին հավակնում են 37-ամյա Կարեն Գրիգորյանը, 47-ամյա Արթուր Թումանյանը և 55-ամյա Արթուր Խաչատրյանը։