Home / Հայաստան / Կազմակերպությունը նոր վարչապետին էլ է խնդրում չհարկել Գյումրիում նվիրաբերվող բնակարանները

Կազմակերպությունը նոր վարչապետին էլ է խնդրում չհարկել Գյումրիում նվիրաբերվող բնակարանները

Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով ազատել իրեն անօթևան ընտանիքներին բնակարաններ նվիրաբերելու պատճառով առաջացած հարկային բեռից։

«Շիրակ կենտրոն»-ի նախագահ Վահան Թումասյանը նոր վարչապետին տեղեկացրել է, որ նախորդ մի քանի տարիների ընթացքում ՀԿ-ն Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող մոտ 60 ընտանիքների բնակարաններ է նվիրել։ Այս տարի կենտրոնը, որը ֆինանսական միջոցներ է ստանում արտերկրում բնակվող հայերից և միջազգային կազմակերպություններից, ևս 16 բնակարան է գնել։

Այժմ պետությունը «Շիրակ կենտրոնից» պահանջում է գնված 16 բնակարանների արժեքի 10 տոկոսի չափով եկամտահարկ՝ մոտ 5 մլն դրամի չափով: Հարկային բեռից ազատելու խնդրանքով ՀԿ-ն բազմիցս դիմել է իշխանություններին, սակայն բոլոր դիմումներին բացասական պատասխան է տրվել։ Վերջինս անգամ «Շիրակ կենտրոնը» նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանին դիմել էր օգոստոսին։

««Շիրակ կենտրոնը» չունի այնպիսի ֆինանսական կարողություններ, որ կատարի հարկային ծառայությունների կողմից պահանջվող վճարները, ու հատկապես հիմա, երբ օրերը ցրտելու հետ հարյուրավոր աղքատ ու անօթևան ընտանիքներ սպասում են իրենց համար փրկօղակի վերածված մեր ձմռան վառելափայտի բաժանման ամենամյա բարեգործական ծրագրի մեկնարկին, մենք պարտադրված ենք դիմել մեր բոլոր գործընկերներին ու բարի կամքի տեր մարդկանց և հայտարարել դրամահավաք»,- գրված է դիմումի մեջ:

ՀԿ նախագահը նշել է, որ հարկային բեռից ազատվելու դեպքում իրենք հնարավորություն կունենան ևս մեկ բնակարան գնել։