Home / Հայաստան / Ոստիկանությունն ուժով բացել է խաղողագործների փակած ճանապարհը․ գյուղին 140 միլիոն են պարտք

Ոստիկանությունն ուժով բացել է խաղողագործների փակած ճանապարհը․ գյուղին 140 միլիոն են պարտք

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի մոտ 150 բնակիչներ այսօր փակել են Երևան տանող ճանապարհը։ Գյուղացիները կրկին իրենց երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն ուղարկել՝ պահանջելով «Վեդի ալկո» ընկերությունից վճարել նախորդ տարի մթերված խաղողի պարտքը։

Աղավնաձորցիներն իրենց առաջին ակցիան անցկացրել էին այս տարվա սեպտեմբերի 1-ին՝ երեխաներին դպրոց չուղարկելով։ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այդ օրը խոստացել էր խնդրին լուծում տալ մինչև սեպտեմբերի 15-ը, սակայն այդ օրը, հանդիպելով աղավնաձորցիներին, նա ասել էր, թե վարչապետի փոփոխության պատճառով հարցի լուծումը հետաձգվում է։ Համայնքի բնակիչները վերսկսել են ակցիաները. 16-ին բոյկոտել են դպրոցի և մանկապարտեզի աշխատանքները, իսկ այսօր նաև փակել են ճանապարհը։

Epress.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ, խաղողագործ Կոստան Ստեփանյանը պատմել է, որ այսօր առավոտյան դեպքի վայր ժամանած մարզպետը կրկին պատճառաբանել է, թե խնդրին լուծում այս պահին չեն կարող տալ, քանի որ կառավարությունը նոր է ձևավորվում։ Հարություն Սարգսյանը հորդորել է բացել ճանապարհը, բայց գյուղացիները չեն համաձայնել, որից հետո 100֊ից ավել ոստիկաններ, մարդկանց հրելով, ազատել են ճանապարհի երթևեկելի հատվածը։

Ժամը 13։00-ի դրությամբ Աղավնաձորից Երևան տանող ճանապարհը բաց է եղել, սակայն գյուղացիները չեն հեռանում. նրանք վստահեցնում են, որ կրկին կփակեն ճանապարհը, եթե գալիք ժամերի ընթացքում իրենց կառավարությունից պատասխան չտան։

«Դպրոցը, մանկապարտեզն ու գյուղապատերանն էլ չի աշխատելու մինչև մեր հարցին լուծում չտան։ Ոչ ոք տեղից չի շարժվելու։ Եթե չգան ու մեզ հստակ պատասխան չտան, նորից փակելու ենք ճանապարհը»,- ասել է Կոստան Ստեփանյանը։

Նշենք, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործներին «Վեդի Ալկո» գինու գործարանը նախորդ տարի մթերված խաղողի դիմաց պարտք է ընդհանուր առմամբ 140 միլիոն դրամ: Անցյալ տարի աշնանն այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղողագործներին խոստացել էր, որ բոլորի խաղողն էլ կմթերվի և գումարը կվճարվի։