Գլխավոր / Բանտ / Բանտում մահացած կալանավորի աղմկահարույց գործը վերաբացվել է

Բանտում մահացած կալանավորի աղմկահարույց գործը վերաբացվել է

Այս տարվա մարտի 1-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Մխիթար Սարգսյանի գործի քննությունը կրկին վերաբացվել է, հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը բողոքարկել էր ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին քննիչի որոշումը։ Քննիչը որպես հիմք նշել էր մեղավոր անձանց չհայտնաբերելը։

Սիրադեղյանն իր բողոքի մեջ նշել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները բավարար չեն, որպեսզի հաստատվի, որ Սարգսյանը ինքնասպանություն է գործել։ Դատախազությունը, քննելով բողոքը, այսօր վերացրել է քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը:

Նշենք, որ «Նուբարաշեն» ՔՀԿ-ի լոգարանում մարտի 1-ին հայտնաբերվել էր Մխիթար Սարգսյանի դին, ով, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն էր գործել։ Նա դատապարտվել էր 3 ամսվա ազատազրկման բակային վեճի ժամանակ երեխային ապտակելու համար և նա պետք է ազատ արձակվեր մահվանից երկու օր անց։

Մահացածը նախկին քաղբանտարկյալ, ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խցակիցներից մեկն է եղել։ Գասպարին բանտից դուրս գալուց հետո ասել էր, թե Սարգսյանին, հնարավոր է, սպանել են իրեն ոչ բավարար ջանասիրությամբ խոշտանգելու համար։

Սարգսյանի կինը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ ամուսինը «պատճառ չուներ իրեն կախելու»։ Նա նաև կասկած է հայտնել, թե Սարգսյանին սպանել են, որովհետև հրաժարվել է խոշտանգել Գասպարիին։