Home / Հայաստան / ՄԻԵԴ-ը քննելու է Հայաստանում կրոնական կազմակերպությունից մաքսատուրք գանձելու հարցը

ՄԻԵԴ-ը քննելու է Հայաստանում կրոնական կազմակերպությունից մաքսատուրք գանձելու հարցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 1-ին կոմունիկացրել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության բողոքն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Համաձայն ՄԻԵԴ-ի կայքի, կազմակերպությունը համարում է, որ Գերմանիայում իրեն նվիրաբերված կրոնական գրքերը ներկրելու համար մաքսատուրք գանձելով՝ Հայաստանի Հանրապետությունն անօրինական և անարդարացված կերպով միջամտել է իր  կրոնական գործունեությանը, այսինքն՝ խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9֊րդ հոդվածը (Մտքի, խղճի և կրոնի ազատություն)։ 

Հայցվոր կազմակերպությունը նշում է, որ ոչ միայն ստիպված է եղել վճարել մաքսատուրք, որից օրենքով ազատված  էր, այլև մաքսաչափը կամայականորեն է որոշվել մաքսային իշխանությունների կողմից։

2012 թվականին «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ստացել էր նվերներ արտերկրից՝ հիմնականում կրոնական բովանդակություն գրքեր, CD֊ներ, DVD-ներ, ամսագրեր։ Մաքսային ծառայությունը գնահատել է ապրանքերի արժեքը և, ըստ այդմ, սահմանել 1,190,222 դրամի չափով ավելացված արժեքի հարկ։  

Կազմակերպությունը  մաքսատուրքը վճարել է, սակայն բողոք է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերադարձնել վճարված ԱԱՀ֊ն։ Կազմակերպությունը  հենվել էր «Խղճի ազատության և Կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12֊րդ կետի վրա, համաձայն որի կրոնական կազմակերպությունների ստացած դրամական և այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն։

Վարչական դատարանը մերժել է «Եհովայի վկաների» բողոքը՝ հիմնավորելով, թե «նվիրատվությունը» և «նվիրաբերությունը» տարբեր բաներ են և կարգավորվում են, Քաղաքացիական օրենսգրքի տարբեր՝ 594֊րդ և 604֊րդ հոդվածներով։ Նշենք, որ համաձայն վերոնշյալ օրենքների՝  «նվիրաբերությունն» այն նվիրատվությունն է, երբ գույքը կամ գույքի իրավունքը տրվում է «հանրօգուտ նպատակներով»։ Կրոնական կազմակերպությունը ազատվում է հարկերից «նվիրատվությունների» դեպքում,  իսկ Դատարանը համարել էր, որ ստացված կրոնական  ապրանքները «նվիրաբերություն» են  և հետևաբար դրանց համար պետք է մաքսատուրք վճարի։ Վերաքննիչ դատարանն այս վճռն անփոփոխ էր թողել։  

Կոմունիկացնելով  հայցը՝ ՄԻԵԴ֊ը Հայաստանի Հանրապետությունից պահանջել է պատասխանել հետևայլ հարցերին․

–         արյդոք ապրանքները հարկելով՝ ՀՀ֊ն խախտել է հայցվորի կրոնական ազատությունը, ինչը երաշխավորվում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 9֊րդ հոդվածով,

–         -արդյոք խախտել է կազմակերպության սեփականության իրավունքը։