Home / Տեսանյութեր / «Ստվարաթղթե տանկի» գործով անցած անձանց թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գալ

«Ստվարաթղթե տանկի» գործով անցած անձանց թույլ չեն տալիս Հայաստանից դուրս գալ

ՀՀ քաղաքացի Անտոն Իվչենկոյին թույլ չեն տալիս հատել Հայաստանի սահմանը։ Այս մասին նա իմացել է սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աջափնյակի բաժնում, որտեղ ցանկանում էր երկարացնել երկրից դուրս գալու համար անձնագրում խփվող կնիքի ժամկետը։ Ինչպես երեկ Epress.am֊ի հետ զրույցում պատմել է Իվչենկոն, բաժնի աշխատակիցները հրաժարվել են դա անել՝ նշելով, թե էլեկտրոնային համակարգը թույլ չի տալիս։

Իվչենկոյից հետաքրքրվել են՝ արդյոք նա երկքաղաքացիություն ունի. բացասական պատասխան ստանալուց հետո, նշել են, որ չգիտեն, թե ինչ պատճառով է համակարգը մերժում կնիքի ժամկետի երկարաձգումը։ Աջափնյակի վարչության աշխատակիցները խնդրի առնչությամբ հարցում են ուղարկել Վարչության կենտրոնական գրասենյակ։

Մեզ հետ զրույցում Իվչենկոն համոզմունք էր հայտնել, որ իրեն երկրից փաստացի դուրս չթողնելը կապված է արվեստագետ Արտակ Գևորգյանի դեպքի հետ։ Վերջինս նախորդ տարվա դեկտեմբերին ստվարաթղթե տանկով հարվածել էր ԱԱԾ֊ի պատին։ Տեսագրող սարքերը ֆիքսել էին, որ Իվչենկոն այդ պահին կանգնած է եղել Գևորգյանի հետևում։ Գևորգյանին և Իվչենկոյին խուլիգանության հոդվածով մեղադրանք էին առաջադրել՝ խափանման միջոց ընտրելով երկրից չբացայակելու մասին ստորագրությունը։

Իվչենկոյի մասով գործը կարճվել էր հունվարին հանցակազմի բացակայության պատճառով, խափանման միջոցն էլ վերացվել։ Գևորգյանի գործն ուղարկվել էր դատարան, որն արվեստագետի գործողություններում նույնպես հանցակազմ չէր գտել։ Չնայած դատարանի որոշմանը, Գևորգյանին մոտ երկու շաբաթ առաջ նույնպես ապօրինաբար թույլ չեն տվել հատել հայ֊վրացական սահմանը։

Այսօր Իվչենկոյին կրկին կանչել են Աջափնյակի անձնագրային բաժին ու ասել են, որ իրենց դեռ չեն ուղարկել խափանման միջոցը վերացնելու մասին որոշումը, այդ իսկ պատճառով այն ներառված չէ համակարգի մեջ։ Այժմ անձնագրային բաժինը ոստիկանությունից սպասում է նշյալ փաստաթուղթը և միայն դրանից հետո Իվչենկոն հնարավորություն կունենա դուրս գալ երկրից։