Գլխավոր / Հայաստան / Իշխանությունները շարունակում են գյուղը Երևանից կախվածության մեջ պահել

Իշխանությունները շարունակում են գյուղը Երևանից կախվածության մեջ պահել

Ի՞նչ տեղական ինքակառավարում, եթե համայնքներն ինքնաբավ չեն և իրենց բյուջեի ընդամենը 25 տոկոսն են ստանում հարկերով՝ ստիպված լինելով մնացած 75 տոկոսը խնդրել Երևանից։ Այս մասին այսօր ԱԺ֊ում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

Կառավարության կողմից նախաձեռնած արտահերթ նիստում ԱԺ֊ն, ի թիվ այլ օրինագծերի, քննարկում է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի նախագիծը։ Համահարթեցման մասին օրենքով համայնքներին տրվող դոտացիաները կավելանան մեկ միլիարդ դրամով։

Բագրատյանն ասել է, որ այս օրենքով խախտվում է սահմանադրական այն հոդվածը, որ տեղական ինքնակառավարման մարմիններն պետք է այնքան ռեսուրսներ ունենան, որքան իրենց անհրաժեշտ է։ Պատգամավորն ընդգծել է, որ իշխանությունները չեն իրականացնում անգամ 2015 թվականի դեկտեմբերին իրենց իսկ կողմից անցկացրած սահմանադրության դրույթները։

Տնտեսագետի առաջարկով՝ համայնքային բյուջեները ոչ միայն հողահարկ ու գույքահարկ պետք է ստանան, այլև մասնաբաժին՝ եկամտահարկից ու շահութահարկից։

«Դուք ասում եք՝ չէ, այդպես չի լինի, համայնքների բյուջեների 25 տոկոսը հողի հարկով ու գույքահարկով թող փակեն, մնացածը գան, Երևանից խնդրեն։ Դուք քաղաքական հարց եք լուծում, ստեղծում եք ստաբիլ կախվածություն։ Արդյունքում ստեղվծում է քաղաքական մենաշնորհ՝ ՀՀԿ֊ի իշխանությունն ամրապնդվում է համայնքներում, քանի որ գյուղապետը պիտի էնպիսին լինի, որ գնա քաղաքից փող բերի», ֊ ասել է Բագրատյանը։