Home / Հայաստան / Վրացի ազգայնականները հարձակվել են թուրքական ռեստորանների վրա

Վրացի ազգայնականները հարձակվել են թուրքական ռեստորանների վրա

Թբիլիսիում բերման է ենթարկվել «Վրացական ուժ» ազգայնական կազմակերպության՝ Վրաստանի մայրաքաղաքի Ագմաշենեբելի պողոտայի վրա գտնվող սրճարանների ու խանութների վրա հարձակում գործած 11 ակտիվիստ:

Երկրի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` նախօրեին երեկոյան, երբ չարտոնված երթի մասնակիցները հասել են վերոհիշյալ պողոտա, նրանք սկսել են «վիրավորել անցորդներին, պայթուցիկներ նետել առևտրի կենտրոնների ու սրճարանների պատուհաններից ներս, ինչպես նաև՝ ավերել խանութների ու ռեստորանների ցուցանակները»։ Տեղական ԶԼՄ֊ները, իրենց հերթին, հաղորդում են, որ ազգայնականների թիրախում հայտնվել էին թուրքական ռեստորանները․ նրանք ներխուժում էին տվյալ հաստատություններ՝ բղավելով «Փառք ազգին, մահ թշնամուն»։

Հարուցվել է քրգործ՝ «խուլիգանություն մի խումբ անձանց կողմից՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է 4֊ից 7 տարվա ազատազրկում։

«Վրացական ուժ»֊ը նման ակցիաներ անցկացրել էր նաև նախկինում․ ընթացիկ տարվա մայիսին տասը ազգայնականներ ներխուժել էին ու ծեծկռտուք կազմակերպել Թբիլիսում գտնվող «Կիվի» բուսակերների սրճարանում։