Home / Հայաստան / «Մարդկանց բերման էին ենթարկում ընտրատեղամաս»․ դիտորդները ՏԻՄ ընտրությունների մասին

«Մարդկանց բերման էին ենթարկում ընտրատեղամաս»․ դիտորդները ՏԻՄ ընտրությունների մասին

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ընտրությունները հին ընտրական օրենսգրքով անցկաված վերջին ընտրություններ էին, երբ դիտորդներն ավելի շատ լիազորություններ ունեն։ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սակայն, նշել է, որ որոշ ընտրատեղամասերում իրենց դիտորդներին փորձել են տեղամասի տարածքից դուրս հանել՝ հավաստիացնելով, որ Նոր օրենսգրքով իրենք արդեն ունեն այդ իրավունքը։

Նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ֊ի փորձագետ֊իրավաբան Տիգրան Եգորյանը նշել է իրենց կողմից արձանագրված մի շարք այլ խախտումների մասին․ «Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր անհետացող կնիքների հետ կապված, որի վերաբերյալ ոչ մի միջոցառում չի իրականացվել։ Եղել է նաև թանաքի խնդիր, երբ [կնիքը] անձեռոցիկով մաքրվում էր, ու այդպես էլ չշտկվեց այդ հարցը։ Կար, իհարկե, նաև տարածված այն խախտումը, երբ մարդիկ գալիս էին ու տեսնում էին, որ իրենց փոխարեն արդեն ընտրել են»։

Եգորյանի խոսքով՝ ԿԸՀ-ն այս խախտման վերաբերյալ հայտարարում է, որ դրանք չնչին խնդիրներ են եղել, և տատ ու թոռ են իրար փոխարեն քվեարկել․ «Ոչ մի դեպք չի բացահայտվել, որ տատ ու թոռ են իրար փոխարեն քվեարկել։ Հայտնաբերվել են միայն այնպիսի դեպքեր, երբ մարդը եկել է քվեարկելու ու չի ճաանաչել իր անվան դիմաց դրված ստորագրությունը։ Սա կլասիկ այլ անձանց փոխարեն քվեարկություն է, երբ օգտագործվում են հատուկ խմբեր, ովքեր գնում են ու ուրիշների փոխարեն քվեարկություն են իրականացնում»։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) ղեկավար Արթուր Սաքունցն ընդգծել է, որ պետք է օր առաջ ցրվի ԿԸՀ-ի ներկայիս աշխատակազմը։

«Այս ՏԻՄ ընտրություններով ԿԸՀ-ն հերթական անգամ հաստատում է, որ ոչ միայն ունակ չէ, այլ նաև պատրաստ չէ ապահովել քաղաքացու ազատ և արդար ընտրության իրավունքը», ֊ ասել է իրավապաշտպանը։

Սաքունցը, ներկայացնելով Վանաձորում և Գյումիրում իրականացրած դիտորդական առաքելության արդյուքները, նշել է, որ այս ընտրությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել հատկապես, այսպես կոչված, թաղային հեղինակությունները։

«Անունը կոչվում էր կուսակցական, բայց այն անձինք, ովքեր առաջադրված էին այդ կուսակցության առաջին համարներում թաղային հեղինակություններ էին։ Ընտրության արդյուքներից կարելի է ենթադրել, որ թաղային հեղինակությունները որոշակի ազդեցություն ունեն մեր ընտրական գործընթացում։ Այս ընտրություններն ազատ չեն եղել, և ընտրողը չի կարող ասել, որ իր կամքն ու տեսակետն է ներկայացրել, քանի որ բառացիորեն մարդուն բերման էին ենթարկում տեղամաս, որ նա ընտրություն անի»,- ասել է Սաքունցը։