Home / ԼԳԲՏ+ / Ատելություն սերմանող խոսքի աճ՝ ՀՀ իշխանությունների հովանավորության ներքո․ զեկույց

Ատելություն սերմանող խոսքի աճ՝ ՀՀ իշխանությունների հովանավորության ներքո․ զեկույց

Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում գրացվել է ատելություն սերմանող խոսքի աճ՝ հիմնականում ԼԳԲՏ+ համայնքի և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամների նկատմամբ։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հիմնադրած՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) այսօր հրապարակած  հինգերորդ զեկույցում։ Զեկույցն ընդգրկում է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի մարտի 17-ն ընկած ժամանակահատվածի տվյալները։

Համաձայն զեկույցի հեղինակների, բնակչության շրջանում ռասիստական և անհանդուրժող վերաբերմունքը մեծամասամբ կապված է քաղաքական ուժերի դիրքորոշման հետ: ՌԱԵՀ֊ը, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները կամ քաղաքական առաջնորդները չեն դատապարտել 2012 թվականին Երևանում DIY ակումբի հրկիզումից հետո հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի հայտարարությունները:

Զեկույցի հեղինակները նշում են, որ ատելության կամ խտրականության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարի համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում:

«Պետք է ավելացվի մի դրույթ, որն ուղղակիորեն կամրագրի, որ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը ծանրացուցիչ հանգամանք է բոլոր սովորական հանցագործությունների դեպքում»,- նշված է զեկույցում։

Բացի դրանից՝ որպես խնդիրների կարգավորման քայլ՝ զեկույցի հեղինակները առաջարկում են պատիժ նախատեսել խորհրդարանականների կողմից ռասիստական և հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի համար։ Նշենք, որ DIY֊ը պայթեցրած երիտասարդներին սատարել էին ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովը և այն ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ներկայումս բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

Ինչ վերաբերում է մեդիա դաշտի կողմից հոմոֆոբ և անհանդուրժող վերաբերմունքի արտահայտությանը, զեկույցի հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է լրատվական էթիկայի համապատասխան կանոնագիրք մշակել:

Ի թիվս այլ խնդիրների, զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ Հայաստանում դեռևս բացակայում ինտեգրման համապարփակ քաղաքականություն։ Մասնավորապես, Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագիրը դեռևս վերջնականապես լուծված չէ:

Ուսումնասիրության մեջ անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարիների զեկույցներում վեր բարձրացված խնդիրներին և արձանագրված առաջընթացին: Հեղինակները փաստում են՝ Հայաստանում, այնուամենայնիվ, որոշ քայլեր են ձեռնարկվել ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարում: Մասնավորապես, սկսել են համապարփակ խտրականության դեմ օրենսդրության մշակումը: Զեկույցը փաստում է նաև, որ Հայաստանը միջոցներ է ձեռնարկել Սիրիայից մարդկանց մեծ ներհոսքի ինտեգրման ուղղությամբ։