Home / Հայաստան / Նախագահին հիշեցրել են «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտության մասին

Նախագահին հիշեցրել են «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտության մասին

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի դիմաց ակցիա են անցկացրել՝ պահանջելով, որպեսզի Սերժ Սարգսյանը նույնպես ընդունի Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար, EU-ASIA Buisness Finance Centre հոլդինգը ղեկավարող գործարար Աշոտ Գրիգորյանին, ով ուզում է վերագործարկել գործարանը և 20 միլիոն դոլլարի ներդրում կատարել։

Գործարանի նախկին ախատակիցներից Կարինե Շահվերդյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ հոկտեմբերի 6-ին ներդրողները հանդիպելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն իրենք կցանկանաին, որ նախագահն էլ հանդիպի Գրիգորյանին։

Աշխատակիցներին, սակայն, ՀՀ նախագահի նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնում ասել են, որ նոր ղեկավարություն ունեն և ոչինչ չեն կարող ասել։

«Այսօր ուզում էին նաև նախագահին հիշեցնել, որ իրենք պարտավորություն ունեն [«Նաիրիտը» վերագործարկելու] և ոչ մի քայլ չեն անում դեռ։ Մենք անըդհատ պետք է հիշեցնենք պետական մարմիններին «Նաիրիտի» վերագործարկման մասին»,- ասել է Կարինե Շահվերդյանը։

Նախագահի նստավայրի մոտից գործարանի նախկին աշխատակիցները շարժվել են դեպի Ազգային Ժողով։ Նրանց խոսքով՝ իրենք ցանկանում են «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը բարձրացնող պատգամավորներին ցույց տալ, որ «նրանց կողքին են»։

Կարինե Շահվերդյանը նշել է, որ նաիրիտցիները հանդիպել են «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, և կուսակցության մասնագետների հետ միասին նախագիծ են մշակել, որը պետք է ներկայացվի Ազգային ժողով։

«Նախագիծը, որտեղ կան «Նաիրիտը» վերագործարկելու մասին որոշ կետեր, մոտ 2 ամիս մշակվել է մեր մասնագետների հետ։ Մենք ցանկանում ենք ԱԺ-ի մոտ լինել և ցույց տալ, որ մենք այն մարդկանց կողքին ենք, ովքեր ցանկանում են և աշխատանքներ են տանում գործարանը վերագործարկելու հարցում։ Իսկ հոկտեմբերի 6֊ին վարչապետը կընդունի ներդրում կատարող հոլդինգի պատվիրակությանը և կքննարկվի առաջարկվող ծրագիրը»,- ասել է Կարինե Շահվերդյանը։