Home / Հայաստան / «Սասնա ծռերի» գործով ձերբակալվածը պնդում է՝ իրեն ճնշելու համար 2 անչափահաս որդիների դեմ քրգործ են հարուցել

«Սասնա ծռերի» գործով ձերբակալվածը պնդում է՝ իրեն ճնշելու համար 2 անչափահաս որդիների դեմ քրգործ են հարուցել

Ղարաբաղի պատերազմի վետերան, «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով ձերբակալված Մհեր Մազմանյանին ճնշում են՝ քրգործ հարուցելով նրա որդիների դեմ։

Սեպտեմբերի 28-ին ստորագրության դիմաց ազատ արձակված Մազմանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իրենք ֆինանսական ծանր վիճակում գտնվելու պատճառով կարի մեքենան վաճառքի էին հանել, իսկ ոստիկանությունը հուլիսի 24-ին այդ կարի մեքենան գնելու պատրվակով Մազմանյանին դուրս են հանել տանից և անմիջապես ձերբակալել։

«Ինձ ՔԿՀ-ում 2 ամիս մեկուսարանում են պահել։ Ես չեմ շփվել իմ հարազատների հետ և լուր չեմ ունեցել նրանցից։ Դրանից հետո ինձ տարել են պետի սենյակ, որտեղ սկսել են հոգեբանորեն ճնշել՝ շեշտելով ընտանիքիս ծանր սոցիալակն վիճակը»,- պատմել է Մազմանյանը։

Նրա խոսքով՝ ինքը համոզված էր, որ իր անազատության մեջ գտնվելու ժամանակ իր ընտանիքի անդամների հանդեպ չնշումներ կլինեն․ «Ես փաստորեն չէի սխալվել։ Մենք բազմանդամ ընտանիքով ապրում ենք Քաշաթաղում և ձերբակալությունից հետո համոզված էի, որ եթե ընտանիքս վերադառնա Քաշաթաղ, նրանց վրա ճնշումներ կգործադրվեն։ Այդպես էլ եղավ։ Մեր Քաշաթաղի տանը, որը տվել ենք վարձակալության, իմ երկու տղաները մի քանի օր բնակվել են վարձակալությամբ ապրող ընտանիքի հետ։ Այդ տանն ապրող ընտանիքի 6 տարեկան երեխան ցուցմունք է տվել տղաներիս դեմ, թե իբր տղաներս տանից 80 հազար դրամ գումար են գողացել։ Դա իրականում ծիծաղելի է, քանի որ բացառվում է, որ նման բան լինի։ Սա մեզ ճնշելու ևս մի տարբերակ է։ Ես ամբողջ հետաքննության ընթացքին ուշադիր հետևելու եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են անելու վերջում»։

Մազմանյանին սկզբում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218 (Պատանդ վերցնելը), 219 (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածներով, սակայն հետո մեղադրանքը փոխվել է և նա մեղադրվել է շենք շինություններ զավթելուն օժանդակելու մեջ։

«Որպես փաստ բերել են այն, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ընկերոջ հետ, որի ժամանակ ասել եմ, որ պետք է «Սասնա ծռերի» տղաների կողքին լինել և աջակցել նրանց։ Ես հիմա էլ եմ այդպես կարծում և ինձ երբեք չէի ների, եթե այդ օրերին ոչինչ չանեի ու տանը նստեի, իսկ ոստիկանությունը նպատակ ուներ ինձ այդ օրերին մեկուսացնելու»,- ասել է Մազմանյանը։