Home / Հայաստան / Սյունիքի մարզպետին ազատեցին պաշտոնից. հայտնի է նրան փոխարինողը

Սյունիքի մարզպետին ազատեցին պաշտոնից. հայտնի է նրան փոխարինողը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (մականունը՝ Լիսկա) աշխատանքից ազատելու մասին հարցը:

«Հանրապետականները նշում են, որ Լիսկան հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին առողջական խնդիրների պատճառով», – այդ առնչությամբ գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Սյունիքի մարզպետի պաշտոնին կնշանակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանը։ Նրա թեկնածությունն այսօր քննարկվելու է և հաստատվելու է ՀՀ կառավարության նիստին։

«Նախորդ անգամ, երբ Սուրիկ Խաչատրյանը ստիպված եղավ հրաժարական տալ Սյունիքի մարզպետի պաշտոնից իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների պատճառով, նրան այդ պոստում փոխարինեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը: Ճակատագրի հեգնանքով, այս անգամ ևս Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնը կզիջի Վահե Հակոբյան անունով անձին», -գրում է թերթը:

«ՀԺ»-ն հիշեցնում է, որ ՀՀԿ խորհրդի վերջին նիստից հետո, երբ արդեն հայտնի էր, որ կադրային լուրջ փոփոխություններ են լինելու, Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակից դուրս գալով, «շատ ինքնվստահ տոնով լրագրողներին ասել է, թե իրեն չեն ազատելու աշխատանքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում