Home / Հայաստան / Դինքի սպանության գործով անցնող պաշտոնյան մեղքը բարդում է իրեն փոխարինածների վրա

Դինքի սպանության գործով անցնող պաշտոնյան մեղքը բարդում է իրեն փոխարինածների վրա

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 10֊ին, Ստամբուլի 14֊րդ քրեական դատարանում տեղի է ունեցել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության պետ Էնգին Դինչը, ով Դինքի սպանության պահին փաստացի զբաղեցնում էր Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության պետի պաշտոնը: Էնգին Դինչն այժմ մեղադրվում է սպանությունը կանխելու հարցում անփութություն ցուցաբերելու մեջ։

«Եթե մենք այն ժամանակ մնայինք Տրապիզոնում, ապա կկանխեինք սպանությունը։ Իմ պաշտոնավարման ժամանակ այն դեռևս միայն ծրագրվում էր»,֊ նիստի ընթացքում ասել է Դինչը։ Նրա խոսքով՝ վերահաս սպանության մասին վկայող որևէ նյութեղեն ապացույց չկար։

«Այդ հարցը պետք է մտահոգեր արդեն մեզ փոխարինման եկած մեր գործընկերներին»,֊ հավելել է պաշտոնյան։

Թուրքական մամուլն ավելի վաղ տեղեկություններ էր հրապարակել, թե վերջինս իմացել է ծրագրվող սպանության մասին։ Մասնավորապես, 2015-ի սեպտեմբերին թուրքական Today's Zaman պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Դինչը դատախազությունում գաղտնի հարցաքննության ժամանակ հայտարարել էր, որ Հրանտ Դինքի ծրագրավորվող սպանության մասին տեղեկությունը Ոստիկանության Տրապիզոնի վարչությունը ստացել է դեռևս 2006 թվականի փետրվարին, ապա տեղեկացրել այդ մասին Ոստիկանության Ստամբուլի վարչությանը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին ազգայնական Օգյուն Սամասթի կողմից՝ «Ակօս»֊ի խմբագրության դիմաց։ Սամասթը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Ավելի ուշ Յասին Հայալը ցմահ ազատազրկման է դատապարտվել սպանությունը հրահրելու մեղադրանքով, իսկ ազգայնական Էրհան Թունջելը, ում մեղադրում էին սպանությունը պատվիրելու մեջ, արդարացվել է:

2014 թվականի նոյեմբերին Սամասթը նոր ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ սպանության հետևում կանգնած են Տրապիզոնի այն ժամանակվա ոստիկապանապետ Ռամազան Աքյուրեքն ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության այն ժամանակվա պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը։

Սամասթի ցուցմունքը սկիզբ է դրել նոր հետաքննության, որի շրջանակում ձերբակալվել և հարցաքննվել են մի շարք բարձրաստիճան ոստիկաններ ու պաշտոնյաներ։