Home / Տեսանյութեր / Երևանի կենտրոնում բնակարաններ կորցրած մարդիկ 12 տարի անց դեռ պայքարում են փոխհատուցման համար

Երևանի կենտրոնում բնակարաններ կորցրած մարդիկ 12 տարի անց դեռ պայքարում են փոխհատուցման համար

Երևանի կենտրոնում՝ Լալայանց, Տերյան փողոցների շենքերում նախկինում բնակվող մեկ տասնյակ մարդիկ, այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով վերանայել իրենց բնարականների դիմաց վճարված փոխհատուցման չափը։

Epress.am֊ի հետ զրույցում նախկինում Տերյան 20 հասցեում գտնվող շենքում բնակվող Արթուր Մելիք֊Շահնազարյանն ասել է, որ իրենց շենքի տարածքը ՀՀ կառավարության կողմից գերակա հանրային շահ է ճանաչվել, այդ հատվածում կառուցել են Հյուսիսային պողոտան, սակայն իրենց վճարված փոխհատուցման գումարը բավարար չի եղել անգամ քաղաքի ծայրամասում բնակարան գնելու համար։

«2004֊ից ստիպողաբար հանել են բնակարանից։ 33 քառակուսի էր, 6 շունչ էինք՝ 2 ընտանիք։ Բնակարանը գնահատել է քաղաքապետարնին կից գործող Ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ)՝ ընդամենը 21 հազար դոլար։ Իհարկե, այդ գումարով չէինք կարող բնակարան գնել։ 1000 դոլար էլ չեն գնահատել քառակուսի մետրը։ Ես այժմ վարձով եմ ապրում Էջմիածին քաղաքում», ֊ ասել է Արթուր Մելիք֊Շահնազարյանը։

Բնակիչներին նախագահականի Քաղաքացիաների ընդունելության և նամակների բաժնից խորհուրդ են տվել դիմել քաղաքապետարան, որը պետք է զբաղվի այդ խնդիրներով։

Մելիք-Շահնազարյանը նշել է, որ տարիներ ի վեր իրենց մի կառույցից մյուսն են ուղարկում, սակայն լուծում չկա։ Ամեն դեպքում, բնակիչները հաջորդ երեքշաբթի պատրաստվում են հավաքվել Երևանի քաղաքապետարանի մոտ, իսկ հինգշաբթի՝ Կառավարության մոտ։

Ակցիայի մյուս մասնակիցները նշել են, որ պահանջում են գոնե մեկ քառակուսի մետրը 1000 դոլար գնահատել իրենց բնակարանները և վճարել տարբերությունը։