Home / Հայաստան / Սարի թաղի բնակիչները Սերժ Սարգսյանից խնդրել են ազատել իրենց հարազատներին

Սարի թաղի բնակիչները Սերժ Սարգսյանից խնդրել են ազատել իրենց հարազատներին

Սարի թաղ երևանյան թաղամասի մի խումբ բնակիչներ այսօր Սերժ Սարգսյանին ուղղված նամակ են հանձնել նախագահականի Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին։ Բնակիչները խնդրել են ազատ արձակել հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ մեղադրվող իրենց հարազատներին։

«․․․Խնդրում ենք ազատ արձակել 9 կալանավորվածներին, որոնք դուրս էին եկել սոցիալական խնդիրների համար։ Հրահրոցը սկսել է ոստիկաններից, զենք հանելուց հետո մեր տղաները ինքնապաշտպանական միջոցների էին դիմել, որի արդյունքում երկամսյա ժամկետից դուրս կրում են իրենց կալանքը», – մասնավորապես, ասված է Սերժ Սարգսյանին ուղղված նամակում։

Epress.am-ի հետ զրույցում ձերբակալված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանն ասել է, որ իրենք այսօր նաև ՀՀ գլխավոր դատախազություն են գնալու․ «Մենք դիմել էինք Ազգային ժողով՝ պահանջելով համաներմամբ ազատ արձակել մեր ձերբակալված հարազատներին։ Մեզ այնտեղից պատասխանել են, որ նամակ են մակագրել և ուղարկել դատախազություն։ Այժմ գնում ենք պատասխանը ստանալու»։

Նշենք, որ Սարի Թաղի 9 բնակիչներ մեղադրվում են հուլիսի 19-ին իրենց թաղամասում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկաններին հարվածելու մեջ։ Գործով որպես տուժող է անցնում 6 ոստիկան։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարի Թաղի 9 բնակչի սպառնում է 5-10 տարի ազատազրկում։ Բախումը տեղի էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո, երբ ոստիկանները փակել էին դեպի Սարի Թաղի մի հատված տանող ճանապարհը։ Թաղամասի մի մասը նաև հոսանքազրկվել ու ջրազրկվել էր, ինչից էլ բողոքում էին բնակիչները։