Home / Տեսանյութեր / Հայաստանյան ավտոբուսը Վլադիկավկազի մոտ վթարի է ենթարկվել․ կան զոհեր (թարմացված)

Հայաստանյան ավտոբուսը Վլադիկավկազի մոտ վթարի է ենթարկվել․ կան զոհեր (թարմացված)

16:55 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է այսօր Վլադիկավկազ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածների անունները։ Նրանցից երկուսը Հայաստանի քաղաքացի են՝ Օհանյան Ա.Պ. (ծնվ․1960 թ․-ին) և Պողոսյան Յուրի (ծնվ․1954 թ․-ին, վթարված հայաստանյան ավտոբուսի վարորդ)։ Երեքը՝ Լազուկին Ա.Վ. (ծնվ․1968 թ․-ին), Պանչենկո Վ.Մ. (ծնվ․1973 թ․-ին), Մամչենկո Ս.Ս. (ծնվ․1999 թ․-ին) Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։

Համաձայն ԱԻՆ-ի տվյալների, վնասվածքներ ստացած քաղաքացիներից 5֊ի վիճակը գնահատվում է ծանր։ Նրանք գտնվում են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներում։

09:30 Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին, Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի հայաստանյան համարանիշով մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի վրա։

Վթարի հետևանքով տուժել է 27 ուղևոր, որոնցից 5՝ մահացել: Տուժածներից 22, որոնց թվում 4 երեխա, անմիջապես հոսպիտալացվել են Վլադիկավկազ քաղաքի տարբեր հիվանդանոցներ: Ռուսաստանյան ԶԼՄ֊ները հայտնում են, որ երեխաներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսում եղել է 52 ուղևոր:

Լուսանկարը՝ tass.ru