Գլխավոր / Հայաստան / Իրավապահների համազգեստ կարող դերձակներն աշխատավարձ չեն ստացել․ ոստիկանապետն անհասանելի է

Իրավապահների համազգեստ կարող դերձակներն աշխատավարձ չեն ստացել․ ոստիկանապետն անհասանելի է

«Կոնտինենտ տեքստ» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր Կառավարության մոտ պահանջել են վճարել իրենց աշխատավարձերը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ընկերությունը պատկանել է Ներքին գործերի նախարարությանը և 1995 թվականից ներքին զործերի ու ոստիկանության աշխատողների համար համազգեստներ է կարել։ 2012 թվականին ընկերությունը լուծարվել է։ Աշխատակիցների խոսքով՝ պատճառն այն է, որ տարածքը վաճառվել էր։

Բողոքողներից Գոհար Թամամյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ մոտ 140 աշխատակցի ընկերությունը պարտք է ընդհանուր առմամբ 30 մլն դրամ․ «Անգամ դատարանը մեր օգտին վճիռ է կայացրել ու գործարանին պարտավորեցրել վաճառել գույքն ու վճարել աշխատավարձերը, բայց էդ գործարանում գույք չկա, սաղ փտած բաներ են։ Մենք ընկել ենք դռնեդուռ ու 3 տարի ա չենք կարողանում մեր աշխատավարձերը ստանանք»։

Գոհար Թամամյանին ընկերությունը 1 մլն դրամից ավել գումար է պարտք։

«Կառավարությունը դարձել է մեր աշխատավայրը, դիմում ենք ամեն տեղ, բայց ոչ մի տեղից հստակ պատասխան չեն տալի։ Ամեն անգամ ասում են՝ հա, անպայման կլինի, կտան ձեր գումարները, բայց արդեն 3-րդ տարին է սպասում ենք ու ոչ մի կոպեկ չենք ստացել։ Մի՞թե ոստիկանապետը (Վլադիմիր Գասպարյան) չի տեսնում, չգիտի, որ իր դերձակները ընկած աշխատավարձն են պահանջում։ Ինքն էլ մեր համար անհասանելի է ու հնարավոր չէ հանդիպել իրեն», ֊ ասել է Թամամյանը։