Home / Բանակ / ԱԺ֊ում խոսել են բանակում փողերի յուրացման վերաբերյալ հայտարարության մասին

ԱԺ֊ում խոսել են բանակում փողերի յուրացման վերաբերյալ հայտարարության մասին

Ազգային ժողովը պետք է քայլեր ձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարում։ Նման առաջարկով այսօր խորհրդարանում ընթացող արտահերթ նիստին հանդես են եկել մի քանի պատգամավորներ։

Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկել է տվյալ հարցով Ազգային ժողովում լսումներ անցկացնել, ընդ որում՝ ԱԺ նախագահի կողմից հրավիրված լսումներ։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այս առաջարկին արձագանքել է՝ «սպասենք, տեսնենք Կառավարությունն ինչ է անում»։ Միևնույն ժամանակ Սահակյանը չի պատասխանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բերած կոռուպցիոն երկու կոնկրետ դեպքերի մասին ահազանգին։

Պատգամավորը նախ նշել է, որ «Արազգ» ՍՊԸ֊ի տնօրեն Արարատ Թումանյանը պնդում է, թե իրեն վերջին շրջանում փաստացի արգելում են դիզելային վառելիք ներկրել։

«Հայաստան ներկրվող դիզելային վառելիքի չափանիշները փոխվել են այնպես, որ փաստացի ստացվում է, որ Հայաստան կարող է ներկրվել միայն Ռուսաստանում արտադրված վառելիքը։ Եթե սա համապատասխանում է իրականությանը, Կառավարությունը, որոշակի սահմանափակումներ դնելով, մենաշնորհ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության համար, ինչը և տրամաբանությունից է դուրս, և հակասում է վարչապետի վերջին օրերին արած հայտարարություններին (վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր անձ կարող է առանց խոչընդոտների ապրանք ներկրել֊խմբ․)։ Կարծում եմ՝ ԱԺ֊ն ևս պարզաբանում պետք է պահանջի»,֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կոռուպցիայի մասին իր երկրորդ հայտարարությունը, որը Փաշինյանի կարծիքով պետք է ուշադրության արժանանա, բանակում յուրացումների մասին ազատամարտիկ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունն է։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետը (Մովսես Հակոբյան), լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի հետևանքով բանակից խոշոր գումարներ են յուրացվել: