Home / Ազգային ժողով / Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի սպանության վերլուծությունը բերում է ուղիղ ԱԺ․ պատգամավոր

Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակցի սպանության վերլուծությունը բերում է ուղիղ ԱԺ․ պատգամավոր

Մոսկվայում օրեր առաջ տեղի ունեցած վարձու սպանության վերլուծությունը բերում է ուղիղ Ազգային ժողով։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանի սպանությանը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է Արմեն Իսրայելյանը, ով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից ահաբեկումներ, առևանգումներ, այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա։ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ֊ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է։ Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով», ֊ ասել է Փաշինյանը։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին այս հայտարարությունը դուր չի եկել։ Նա դժգոհել է՝ խնդրելով պատգամավորին կանոնակարգի վերաբերող հարցերի մասին խոսել, այլապես խոստացել է ընդհատել ելույթը։