Գլխավոր / Հայաստան / Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա․ փաստաբան

Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են ոստիկանների սուտ ցուցմունքների հիման վրա․ փաստաբան

Շուրջ 3 ամիս անազատության մեջ գտնվող «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին մեղադրում են ընդամենը երկու ոստիկանի սուտ ցուցմունքների հիման վրա։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Ղուկասյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը և Արմեն Մարտիրոսյանը, մեղադրվում են հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս, 4-10 տարվա ազատազրկում)։ Այդ օրը նշված անձինք ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի երթ էին մասնակցել, որն ուղևորվել էր դեպի Սարի թաղ։ Այնտեղ ոստիկանները բռնությամբ ցրել էին մարդկանց, տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ էին ստացել։

Համաձայն Մեժլումյանի՝ իրենք դատարանին են ներկայացրել մի քանի լրատվական կայքերի կողմից նկարահանված տեսանյութեր, որտեղ երևում է, որ Սարի թաղում Անդրիաս Ղուկասյանը և նրա հետ ձերբակալված այլ անձինք ոչ թե անկարգության կոչեր են անում, այլ հակառակը՝ հանգստության։

«Իր ելույթում Ղուկասյանը ասել է․ մենք եկել ենք այստեղ, որպեսզի թույլ չտանք եղբայրասպան բախումներ», — նշել է Մեժլումյանը։

Փաստաբանի խոսքով՝ ցուցմունք տված ոստիկանները նշել են, որ Ղուկասյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ժողովրդին ասել են՝ քարեր հավաքեք և ոստիկաններին խփեք, այնինչ տեսանյութում լսվում է, որ նրանք կոչ են անում մարդկանց սադրանքների չգնալ և քարեր չնետել։

«Տեսանյութը հերքում է այդ երկու ոստիկանների սուտ ցուցմունքները», ֊ ընդգծել է փաստաբանը։

Մեժլումյանը նշել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հարցաքննվեն նաև դեպքի օրն այնտեղ ներկա գտնված մի շարք լրագրողներ, որոնք Մեժլումյանի հետ զրույցում պնդել են, որն Ղուկասյանն անկարգություններ անելու կոչեր չի հնչեցրել։

Ղուկասյանի մյուս պաշտպան Ինեսսա Պետրոսյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու իր պաշտպանյալի հետ միաժամանակ ձերբակալված մյուս երկու անձինք՝ Դավիթ Սանասարյանը և Արմեն Մարտիրոսյանը, գրավի դիմաց ազատ են արձակվել, իսկ Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է․ «Կարծես՝ նրանց համար [իշխանությունների] կյանքի և մահու խնդիր է, որ Ղուկասյանը գտնվի անազատության մեջ»։

Ըստ փաստաբանի՝ Ղուկասյանի դեպքում կա ուղղորդված, հստակ հետապնդում՝ կապված քաղաքական հայացքների հետ։ Նա ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը մի քանի օր առաջ կրկին մերժել է գրավի դիմաց ազատ արձակել Ղուկասյանին։