Գլխավոր / Հայաստան / Վանաձորի նախկին քաղաքապետը իր ընկերության աշխատողներին աշխատավարձ չի տալիս․ ՀՔԱՎ

Վանաձորի նախկին քաղաքապետը իր ընկերության աշխատողներին աշխատավարձ չի տալիս․ ՀՔԱՎ

Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ն ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին հայտնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Իրավապաշտպան կազմակերպությանը դիմած «Լոռիի ՃՇՇ»-ի երեք աշխատակիցներ ասել են, որ արդեն 2015 թվականից սկսած աշխատավարձերի վճարումն սկսել է ձգձգվել, և այսօր ընկերության տարբեր աշխատակիցներ մի քանի ամսվա աշխատավարձ ունեն ստանալու:

«Լոռիի ՃՇՇ»-ի նախկին աշխատակից Աշոտ Քարտաշյանը կազմակերպության հետ զրույցում նշել է, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա չվճարված աշխատավարձ միայն ինքն ունի, իսկ աշխատակիցներից ոմանք դեռևս չեն ստացել 2014-2015 թվականների որոշ ամիսների աշխատավարձերը, սակայն դրա մասին բարձրաձայնում են միայն հիմա, երբ ընկերության սեփականատեր Սամվել Դարբինյանն այլևս քաղաքապետ չէ:

«Ընկերության տնօրեն Արայիկ Վարդանյանը անորոշ պատասխան է տալիս՝ փող չկա, չգիտենք երբ կլինի», — նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: Խնդրին լուծում տալու համար «Լոռիի ՃՇՇ»-ի աշխատակիցները երկու անգամ դիմել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին։ Վերջինս հրաժարվել է օգնել՝ պատճառաբանելով, որ խնդրի լուծումը դուրս է իր լիազորություններից:

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ «Լոռիի ՃՇՇ»-ի ներկա և նախկին մի խումբ աշխատակիցներ աշխատավարձերի չվճարման հարցով պատրաստվում են նամակով դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին: