Գլխավոր / Տեսանյութեր / Վերնիսաժը մաքրում են «ալկոհոլիկներից»՝ թողնելով «արվեստը»

Վերնիսաժը մաքրում են «ալկոհոլիկներից»՝ թողնելով «արվեստը»

Քաղաքապետարանի կողմից նախաձեռնված՝ Երևանի կենտրոնում գտնվող Վերնիսաժը «բարեկարգելու» գործողությունները, որոնց հետևանքով մոտ 200 մարդ զրկվել է աշխատանքից, վերնիսաժցիների շրջանում արդարացվում է երկու հիմնավորմամբ՝ քաղաքապետարանը Վերնիսաժը «մաքրում է» ալկոհոլիկներից, թողնում է միայն «արվեստային» գործերի վաճառքը։

Սեպտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանն իր ավագանու նիստում որոշել էր «Վերնիսաժ» ցուցահանդես֊վաճառքի կենտրոնում արգելել գյուղատնտեսական և պարենային մթերքների, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքների, համակարգչային, կենցաղային տեխնիկայի, կենցաղային քիմիայի ապրանքների, կենդանիների, բույսերի, ծաղիկների, դեղերի և բժշկական նշանակության արտադրանքի, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրերի, հագուստի վաճառքը։

Այս պահի դրությամբ Վերնիսաժից արդեն «մաքրվել են» շորեր, պայուսակներ, տնտեսական գործիքներ ու իրեր, շներ վաճառողները։

9vern

«Արվեստայինի» շեմը հաղթահարած վաճառողներից շատերը ոչ միայն գոհ են, այլև՝ շոյված իրենց արվեստի հետ կապը ճանաչելու համար։

«Վերնիսաժը քրչի շուկա չէ, այլ արվեստային գործերի շուկա։ Դրական է այս բարեկարգումը»,֊ մեզ հետ զրույցում ասաց արծաթյա ականջօղեր վաճառող մի կին։ Զարդեղենից բացի, իրենց տեղը Վերնիսաժում պահպանել են նաև փորագրված փայտյա շախմատները, ծաղկամանները, ժամացույցները և այլ փայտե իրերը, հայկական նախշերով գորգերը։

1vern

Դեռևս վաճառվում են այնպիսի շորեր, որոնց տերերը կարող են դրանց արվեստային լինելը ապացուցել։ Այսպես՝ շարֆեր վաճառող մի կին ինձ համոզիչ տոնով ասաց, որ իր շարֆերը ձեռքի աշխատանք են, հատուկ խորհուրդ ունեցող ուզորներով և դա շատ նոր արվեստի մի ճյուղ է։

Ինչևէ, դեռևս կան վաճառողներ, որոնք չգիտեն՝ կմնան Վերնիսաժում, թե ոչ։ Մորթու վաճառքով զբաղվող տիկին Լյուդմիլան նշեց, որ մեր այցից քիչ առաջ իրեն են մոտեցել երկու տղամարդ և ասել, որ հնարավոր է՝ այլևս մորթու վաճառքն արգելվի։ Լյուդմիլան, սակայն, վստահ չէր, որ այդ մարդիկ քաղաքապետարանից էին, ոչ թե ինքնակոչեր։ Սպասք վաճառողներից մեկը, ով նախընտրեց չնշել իր անունը, պատմեց, որ այդ երկու մարդիկ ասել են՝ այսուհետ թույլատրվելու է սպասքի վաճառքը, եթե սպասքը անտիկվարիատ է։ Իսկ ինչպես է անտիկվարությունը որոշվելու՝ չգիտեն։

Վերնիսաժի կենտրոնում կառուցվող սրճարան

7vern

Վաճառողներից ևս մեկը, ով նույնպես չներկայացավ, ասաց, որ ինքը Վերնիսաժի հիմնադիրներից է, մասնագիտությամբ ինժեներ։ Այժմ վաճառում է ինքնաշեն հաստոցներ։

«Սովետի ժամանակ ոսկի, արծաթ վաճառելը արգելված էր։ Մենք գործիքներ էինք վաճառում, քիչ֊քիչ արծաթը եկավ, կանգնեց մեր կողքին։ Ես ձեզ ասեմ, եթե տուրիստի մասին եմ մտածում, տուրիստին ավելի շատ հետաքրքիր են ինքնաշեն սարքավորումները, որ մենք ենք սարքել, ոչ թե չինական են։ Գալիս են, էս սարքերը վերցնում, նայում նկարում են, փորձում։ Իմ հարևանությամբ, տեսե՛ք, կինը վաճառում է հին ատամնաբուժական իրեր։ Գալիս են, որպես սուվենիր հարցնում «Նիկուլինի շպրիցը», ատամնաբուժական հին իրեր, որոնք հիմա գործածությունից դուրս են, բայց օգտագործվել են խորհրդային տարիներին։ Արտասահմանցի տուրիստին դրանք հետաքրքիր են ավելի շատ, քան փայտերը», ֊ պատմել է նա։

2vern

Ինժեների խոսքով՝ իրեն հուզում է նաև այն, որ ծառահատում են արել՝ Վերնիսաժում 3-4 սրճարան կառուցելու համար, քանի որ այդ ծառերը իրենք էին տնկել։ Մի սրճարանի շինարարության տեղը, ըստ մեկ այլ զրուցակցի, 27 վաճառական էր աշխատում։

Ծառահատված հատվածում կառուցվող սրճարան

4vern

«Բազմապատկեք իրենց ընտանիքներով, տեսեք՝ քանի մարդ սոված մնաց։ Ասում են՝ «քիմիկոսներն» էլ չպիտի լինեն։ Քանի որ ավագանու անդամներն անգրագետ են, ուզում են քիմիան իսպառ սպանեն էս երկրում։ Մենք վաճառող չենք միայն, օրական 20-30 խորհուրդ ենք տալիս մարդկանց»,֊ ասել է Վերնիսաժում 18 տարի խեժ, կոլբաներ, քիմիական իրեր վաճառողներից մեկը։

«Քիմիկոսները» Վերնիսաժում 8 հոգի են։ Նրանց արդեն ասել են՝ որտեղ ուզում եք վաճառեք, միայն ոչ այստեղ։

Քնար Խուդոյան