Home / Հայաստան / Երևանում մահվան ելքով բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Երևանում մահվան ելքով բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Հոկտեմբերի 31-ին Երևանում արձանագրվել է բոտուլիզմի դեպք` 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Համաձայն հաղորդագրության, թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված ծիծակի օգտագործումն է:

«Ընտանիքի 4 անդամը պահածոյացված սնունդն օգտագործել են հոկտեմբերի 26-ին: Ուտելուց 24 ժամ անց առաջին հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ (ընդհանուր թուլություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում): Ընտանիքի մյուս երեք անդամի մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններն ի հայտ են եկել ուտելուց 3 օր անց:

Հոկտեմբերի 30-ին առաջին հիվանդի վիճակը վատթարացել է, որը «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ և հոկտեմբերի 31-ի կեսօրին մահացել է:

Նույն օրը «բոտուլիզմ» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ են հոսպիտալացվել նաև ընտանիքի մյուս անդամները, նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ:

Ներկայումս, հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է», ֊ նշում է Առողջապահության նախարարությունը: