Գլխավոր / Բանակ / Հացադուլ հայտարարած կալանավորն անմարդկային վերաբերմունքի է արժանանում․ փաստաբան

Հացադուլ հայտարարած կալանավորն անմարդկային վերաբերմունքի է արժանանում․ փաստաբան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Սարգսյանն արդեն 3 օր հացադուլ է անում՝ պնդելով, որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, ապօրինի է։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Սարգսյանը ձերբակալվել է հուլիսի 20-ի երեկոյան՝ Խորենացի փողոցում, ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբի անցկացվող ակցիայի ընթացքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որն ուղեկցվել է գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ։ Մեղադրանքը հաստատվելու դեպքում Սարգսյանին սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում։

«Նարեկը պնդում է, որ այլ խափանման միջոց կարող էր ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ կիրառվեր։ Առավել ևս նախաքննությունն ավարտվել է, և ինքը վարույթն իրականացնող մարմնին որևէ կերպ չէր կարող խոչընդոտել։ Բացի դա, նրա խնամքին են երկու փոքրիկ երեխաները և կինը, որոնք ապրում են ծայրահեղ վատ պայմաններում։ Ընտանիքի միակ աշխատողը Նարեկն էր, որը արդեն մի քանի ամիս է ազատազրկված է», — նշել է Պապիկյանը։

Նրա խոսքով՝ «Նուբարաշեն»-ում հացադուլ հայտարարած Սարգսյանը անմարդկային վերաբերմունքի է արժանանում։

«Ես հենց նոր եմ գալիս նրա մոտից և ասեմ, որ արդեն 3 օր հացադուլի մեջ գտնվող մարդուն ոչ մի բժիշկ չի մոտեցել։ Բացի դրանից, նրան պետք է հատկացնեին առանձին խուց, բայց ինձ քրեակատարողական հիմնարկում ասել են, որ ազատ խուց չունեն։ Նարեկի խցում հիմա կա 10 հոգի, որոնք նորմալ սնվում են, այդպիսի խցում հացադուլ հայտարարած մարդուն պահելն անմարդկային է», — ասել է փաստաբանը։