Home / Տեսանյութեր / «Լրագրողներից պետք է հեռու մնալ»

«Լրագրողներից պետք է հեռու մնալ»

Կիևից վերադառնալիս շարունակեցի կարդալ բելառուսական ԿԳԲ-ի մեկուսարանի մսաղացի միջով անցած բանտարկյալի գիրքը։ Ընտրություններից հետո զանգվածաբար ձերբակալվում էին տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր հանդես էին գալիս լիբերալ, ազգայնական, ուղղափառ, հայրենասիրական և սոցիալ-դեմոկրատական դիրքերից՝ հաճախ միաժամանակ։ Ամենօրյա խոշտանգումների արանքում խցակիցները մեկ-մեկ բանավիճում էին․

– Մի՞թե երշիկի տեսականու բազմազանությունը կարող է բարոյական չափանիշ համարվել։ Բարոյական է արդյո՞ք տերեր ընտրել՝ դասակարգային եղբայրների արյան գնով։ Հայրենասիրությունը հայտարարվում է մարդու ամենաբարոյական արժեքը։ Ազգային շահը ամեն ինչից վեր է։ Շահը՝ դա շահույթն է։ Բայց երբվանի՞ց է տարածքով կամ էթնիկ պատկանելությամբ պայմանավորված շահույթը հավասարեցվում բարոյականությանը, արդարությանը, բարիությանը։ «Արդար է այն, ինչ շահութաբեր է»՝ հայրենասիրության նման պատկերացումը ԿԳԲ-ի մեկուսարանի պետ Օրլովի սրտով էր․․․

Ինքնաթիռում միայն ջուրն էր անվճար։ Մոտիս գրիվնաներով երեք հատ 2-եվրոյանոց գարեջուր վերցրի։ Աջից նստածը իտալականոտ անգլերենով հրաժարվեց, ձախից Ներսեսն էր՝ դեռ պիտի գիշերով Գյումրի հասներ։ Օղի հանեց, լցրեց ու պահեց, բրդուճները կես-կես արեց։

– Դու էլ ես Մինսկից գալի՞։

– Չէ, բայց բելառուսական ԿԳԲ-ի մասին էի կարդում։

– Անձնագիրս պիտի փոխեմ։ Եթե ուղիղ գնայի, Ռուսաստանի սահմանին կկպնեին։ Գնացքով էկա Բելառուս՝ ոչ էլ ստուգեցին։ Սաղ իրար հետ հայկականով մի 80 հազար նստեց։ Հետո նոր պասպորտով կմտնեմ Լենինգրադ…

Ես էլ եմ բարձրագույն ավարտ՝ իրավաբանական։ 15 հազար ուզին գործի դասավորելու համար։ Բայց ոչ մի գարանտիա չկար, որ մի երկու տարուց չէին հանի։ Պետը փոխվավ՝ առաջինը ինձ էին հանելու՝ քնչականում ոչ ընկեր ունեմ, ոչ էլ բարեկամ։ Բռնածս գործն էլ մի 500-դոլարանոց պատմություն պիտի լիներ, պետք եղած վախտն էլ կտանեին, ցուցադրական կփակեին։ Մի օր իմ մասնագիտությամբ չեմ աշխատել: Հավատա՝ ամեն գործ էլ արել եմ։ Տաքսի եմ քշել։ Ախպորս հետ փետ էինք բերում Նոյեմբերյանից։ Մինչև սրան-նրան փող բաժանելով տեղ էինք հասնում, երկու գրուզավիկից մարդա 30-40 հազար դրամ էր մնում։ Հետո լավաշի գործ էի անում, վատ չէր։ Յոթը մարդ՝ յոթը ընտանիք (ես էլ հետը ութ), ոնց էլ լիներ ամսական մի 120-150 հազար տուն էինք բերում։ Դրին, խեղդին…

Հայաստան վարկ վերցրի, էկա Լենինգրադ, Կամազ առա։ Երեք ու կես տարվա մեջ, միլիցուց բացի, մարդու փող չեմ տվել։ Հայտարարություններ եմ կպցրել, ինտերնետով էլ եմ տարածել։ Եթե մի 5-6 ավտո ունենամ, նոր կգան։

Սկզբից շատ դժվար էր։ Մենակ էի, Կրոնդշտատի գերեզմանոցում շինարարություն էինք անում։ «Կրոնշտադտ» լսե՞լ ես։ «Լյուբեն» երգ ունի։ Գերեզմանների մեջ համ ապրում էինք, համ աշխատում։ Հետո դզվավ, կինս ու էրեխեն եկան, քաղաքին կպած կիսագյուղական տեղ ենք ապրում։ Հարևանությունը նորմալա։ Մեկ-մեկ մեքենայի մեջ ապրանքա մնում, բերում եմ հարևանի տուն, ավազը թափում եմ, մեկ էլ ասում են, ինչքա՞ն փող տանք։ Ասում եմ, ինչ փող, այ մարդ։ Դե ռուս են, մեկ էլ տեսար տորթը ձեռը էկավ քո տուն։

Հիմա լավա, բայց էրեխու համար եմ մտածում՝ հայավարի չի մեծանում։ Վաղը մեկին կբերի տուն, կասի՝ մամ, պապ, Կատյանա, պիտի իրար հետ ապրենք… Բայց դե ռուսին անուն կպցնելն էլա սխալ։ Շատ թասիբով ժողովուրդ կա։ Երկու հոգու հետ աշխատում եմ, արանքում 600 հազարից մինչև միլիոն պարտք կարա լինի, բայց գիտեմ, որ մեռնի էլ՝ ընկերները փակվող են։

– Իսկ Հայաստանի վարկը՞։

– Փակել եմ…

Կապիտանը հայտարարեց, որ պատրաստվենք վայրէջքի։ Նրանց, ով մնալու է Երևանում, «բարի գալուստ» ասեց, տրանզիտի ուղևորներին՝ «բարի ճանապարհ»։ Քիչ անց ակերը կպան գետնին, Ներսեսն ու ես ծափ չտվինք։ Դուրս գալուց էլ իրար կորցրինք։ Խուսափելով Զվարթնոցի «հարմար» գնով տաքսիներից՝ բարձրացա վերև՝ էկող մեքենաներին դատարկ վերադառնալուց փրկելու համար։ Փրկվողները չէին շտապում, վերադարձա գրքին. «․․․արևմտյան երկրներում ժողովրդավարության մակարդակը պայմանավորված է ոչ այնքան շուկայով, ինչքան մարդկանց՝ իրենց շահերը պաշտպանելու և փողոց դուրս գալու պատրաստակամությամբ․․․

Ես բելառուս եմ, քանի որ ծագումով պատկանում այդ յուրահատուկ պատմա-մշակութային հանրույթին։ Դա ոչ լավ է, ոչ էլ վատ, հպարտանալու առիթ չէ, ոչ էլ ամաչելու…

Պետական կապիտալիզմը՝ ի դեմս Խորհրդային Միության, պնդում էր, թե ձգտում է կոմունիզմի և կաղալով փլուզվեց՝ գրքերում նկարագրված կոմունիզմին մոտիկ իսկ չգալով։ Շուկայական կապիտալիզմը հայտարարում է, որ դեպրեսիաները անցյալում են։ Այդ դեպքում ինչպե՞ս են Եվրոպան ու ԱՄՆ-ն հայտնվել նման ոռի վիճակում։ Որովհետև կայուն զարգացումը, ինչպես նաև պետական կոմունիզմը՝ միֆեր են։ Գիշատիչները միշտ կմնան գիշատիչներ։

2006-ին մեկնեցի Արևմուտք աշխատելու։ Տեղավորեցի Carnival Cruise Lines ընկերությունում, որը զբոսանավերով ճամփորդություններ էր կազմակերպում՝ հիմնականում Կարիբյան ավազանում։ Շատերի պես, մտադիր էի քրտնաջան աշխատանքով ավել փող վաստակել, քանի որ ԱՄՆ-ն միշտ ասոցացվում էր «ավել աշխատում ես՝ ավել ստանում» բանաձևի հետ։ Ցավոք, իրականությունն այլ էր։ Զբոսանավում մաքուր 10-ժամանոց աշխատանքային օր էր՝ բացարձակապես առանց հանգստյան օրերի։ Աշխատողների մեծ մասի՝ խոհարարների, հավաքարարների, ստյուարդների, ներկարարների ամսական ռոճիկը 450-ից 780 դոլար էր։ Լրացուցիչ աշխատանքները չէին վարձատրվում, քանի որ պաշտոնապես դրանք չկային. մենեջերները վերաձևակերպում և դզրտում էին ավել աշխատած ժամերը։ Շատերը բոնուսների և լրացուցիչ վարձատրության հույսով էին հայտնվել նավի վրա, սակայն դրանք խիստ արգելքի տակ էին։ Մեծ հաշվով՝ նավում աշխատած գումարը ցանկության դեպքում մեզ մոտ էլ կարայիր վաստակել՝ ոչ այդչափ ծանր աշխատանքով։ Մինչ այդ ես մալյար, գաջ քսող, պլիտկա շարող եմ աշխատել և համեմատելու տեղ ունեի։ Նավում ճնշումը ծայրաստիճան էր։ Մինչև արյուն մաշված ոտքերի կոշտուկներ, ձեռքերի հյուսվածքների և ողնաշարի խնդիրներ՝ դրանք կյանքի առօրյան էին։ Կանանց մոտ փոխվում էին դաշտանի ցիկլերը։ Նույնիսկ փորձառուները, ովքեր Եվրամիությունում ելակ հավաքելու, Անգլիայի թռչնաբուծական ֆաբրիկաներում և ԱՄՆ-ի ռեստորաններում աշխատելու փորձ ունեին, անիծում էին այս աշխատանքը։

Բարոյական մթնոլորտը ֆիզիկական պայմաններից էլ բեթար էր։ Աշխատողներին վռազեցնող ու չլող սուպերվայզերներն ամենուր էին, պահակախումբը զինված էր մահակներով, իրար վրա գործ տալը խրախուսվում էր, սպաներին չժպտալու կամ ուղևորների հետ խոսելու համար նկատողություն և տույժ էր հասնում։ Ալկոհոլն ու թմրամիջոցները սթրեսը հանելու միակ ձևն էին։

Աշխատանքի նման ստրկական պայմաններից և անասնական վերաբերմունքից հետո կապիտալիզմի վերաբերյալ ոչ մի պատրանք չէր մնացել։ Բելառուսը՝ իր խառը տնտեսությամբ և բյուրոկրատիայի դիկտատուրայով, վաղ թե ուշ կկլանի կառավարման ժամանակակից կորպորատիվ մեթոդները (IT բնագավառում և առևտրի որոշ հատվածներում դա արդեն գործում է)։ Ոչ մի լավ բան դա մեզ չի բերի։ Ոչ մի ազատագրում՝ միայն շահագործման ավելի բարդ եղանակներ և թմրամոլության պես վարկային կախվածություն բանկերից…»։

Ցրտոտ էր։ Որոշեցի իջնել ներքև, երբ մոտս մեքենա կանգնեց, վարորդը խոստացավ տուրիստի տեղ չդնել և վրդովմունք հայտնեց օդանավակայանի «թալանչի» տաքսիներից, ովքեր «պարսիկ հարիֆներից մինչև 100-150 դոլար փող են կարում պոկեն»։

– Էկել ես՝ գնա՞ս։ Ես օրեր եմ հաշվում, որ գնամ։ Հենց կանչին՝ կեթամ։ Ինչքան մնացի՞ր։

– Երկու օր։

– Բա մնայիր, ստեղ ի՞նչ կա։ Ուկրաինան մեծ երկիրա, ոնց էլ լինի, մի բան գտնելը ավելի հեշտ է։

– Երևի դանակը ոսկորին չի հասել, քիչ թե շատ հարմարվել եմ ստեղ։

– Ոնցա՞ Կիև, կդզվի՞։

– Չէի ասի։ Հիմնականում լրագրող ընկերներիս և նրանց ընկերների հետ էի շփվում։ Հիասթափությունը խորանում է։ Իշխանությունն անըդհատ շահարկում է լայնամասշտաբ պատերազմի վտանգը՝ սեփական սխալները արդարացնելու համար։ Հաճախ բողոքում են ԱՄՆ-ից և Եվրոպայից, ովքեր Ուկրաինայի մեջքի հետևում Մոսկվայի հետ խաղեր են տալիս։ Հեռուստաեթերից բանավիճում են արևելյան տարածքներին պաշտոնապես «օկուպացված» կարգավիճակ տալու մասին։ Ասում են, թե վերնախավը չի անում դա, քանի որ շարունակում է առևտրական կապեր պահպանել Ռուսաստանի հետ։ Քաղաքական հայացքների մասին պատկերացումները սահմանափակվում են «Ո՞ւմն է Ղրիմը» հարցի «ճիշտ» և «սխալ» պատասխաններով։ Քննության պես բան է դարձել։

Ամենուր ռազմաճակատ կանչող պաստառներ են փակցված և զինվորներին օգնելու կոչեր։ «Պատերազմը» ամենազարգացող բիզնեսն է դառնում։ Դրա հետ կապված խնդիրները դեռ առջևում են, երբ ռազմաճակատից վերադարձողները (կարևոր չէ՝ կռված են, թե չէ, գլխավորը՝ սոցցանցերում կամուֆլայժով ռիսովկա լինելն է) պահանջեն իշխանության և բիզնեսի իրենց մասնաբաժինը։ Ընկերներս ասում են, որ Կիևում այդ առումով դեռ նորմալ ա, այլ տեղերում համազգեստավոր «հերոսները» սկսում են ճնշել մանր-միջին առևտրականներին, գլխացավանք են դառնում հարևանների համար…

Վարորդն ինձ ընդհատեց. «Ախպեր, լրագրո՞ղ ես»։ «Դե հա», – պատասխանեցի և ցույց տալու համար, որ հասկանում եմ իր տարակուսանքը, մի թարմ դեպք վերապատմեցի։

Ընկերներս ավտոստոպով Երևանից Թիֆլիս էին գնում, ճանապարհները ձյան պատճառով փակ էին, և նրանք ուշ ժամին ստիպված էին մնալ Թումանյան գյուղի գազալցակայանում։ Աշխատողները դեմ չէին, նույնիսկ սեղան գցեցին, տնական օղի հանեցին և զրույցի բռնվեցին։ Չգիտեմ ոնց՝ ընթացքում խոսքը հասավ լրագրողներին. «Դրանցից պետքա հեռու մնալ՝ մենթերից բեթար են»։ Պարզվում է, որ «Արմենիայի» մի լրագրող՝ «սպիտակ մազերով, էն մեկը, որ ստեղ-ընդեղա գնում, բան-ման ա նկարում» գազ լցնելուց իմանում է 200 դրամ թեյավճարի մասին՝ «դրանից փող էլ չէինք ուզում վերցնել»։ Միևնույնն է մեծ աղմուկ է բարձրացնում, ոստիկանություն կանչում՝ «Ալավերդու մենթերը լցվում են ստեղ»։ «Դեկտեմբերի 29-նն էր, սաղ գեղը տոլմա էր փաթաթում, մենք էլ քաղմասում ցուցմունք էինք տալիս։ Դրանցից պետք ա հեռու մնալ»։

– Ճիշտ են ասում, – արձագանքեց վարորդը։ Տեղ հասանք, երեք հազար ուզեց ու նշեց՝ «առանց թեյավճար»։

Յուրի Մ․