Home / Առողջապահություն / «Սասնա ծռեր» խմբի անդամը պահանջում է, որ իր ոտքն անդամահատեն

«Սասնա ծռեր» խմբի անդամը պահանջում է, որ իր ոտքն անդամահատեն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին վիրավորման առաջին օրը տրամադրված բժշկական օգնությունից բացի, արդեն 4 ամիս է ոչ մի օգնություն չի ցուցաբերվել։

Epress.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը նշել է, որ 2 օր առաջ բժիշկներն այցելել են Հովհաննեսին, և նրա գանգատները լսելուց հետո, միայն ասել են, որ ինքն իրեն պետք է բուժի։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ աստիճանի անմարդկային վերաբերմունք կարող է բժիշկը ցուցաբերել հիվանդի նկատմամբ, որ ծանր հրազենյաին վիրավորում ստացած հիվանդին նման բան ասի։ Հովհաննեսի վիճակն այս պահին շատ ծանր է, նրա ոտքը բարակել է, գույնը փոխել է, ու նա ընդհանրապես չի կարողանում օգտագործել այդ ոտքը։ Այն աստիճանի է հասել, որ Հովհաննեսը պահանջում է, որ իր ոտքն անդամահատեն, քանի որ անտանելի վիճակում է, իսկ բժիշկները ոչինչ չեն ձեռնարկում»,- ասել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանն իրավապահների կողմից արձակած կրակոցից ոտքի վիրավորում էր ստացել հուլիսի 26-ին, ժամը 02:00-ի սահմաններում՝ «Սասնա ծռեր» խմբի գրաված ՊՊԾ գնդի մոտ։