Home / Հայաստան / Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության պատգամավորներին

Թուրքիայում ձերբակալել են քրդամետ կուսակցության պատգամավորներին

Թուրքիայում ուրբաթ վաղ առավոտյան բերման են ենթարկվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) 13 անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահեթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Դեմիրթաշը բերման է ենթարկվել երկրի հարավ֊արևելյան Դիարբեքիր քաղաքում գտնվող իր տնից, իսկ Յուքսեքդաղը՝ մայրաքաղաք Անկարայում, հաղորդում է «Ալ-Ջազիրա»֊ն՝ հղում անելով պետական «Անադոլու» գործակալությանը։ Պաշտոնական վարկածով՝ երկու պատգամավորները բերման են ենթարկվել ահաբեկչության վերաբերյալ գործերով դատական նիստերին չներկայանալու համար։

Վերջին ամիսներին Թուրքիայի իրավապահների կողմից ԺԴԿ պատգամավորներին թիրախավորող մի շարք քրգործեր են հարուցվել, սակայն սա նրանցից որևէ մեկին ձերբակալելու առաջին դեպքն է։ Պատգամավորների ձերբակալությունները հնարավոր են դարձել տարեսկզբին երկրի խորհրդարանի ընդունած՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ որոշման հետևանքով։

Հուլիսի 15֊ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո իշխանությունների հայտարարած «արտակարգ դրության» շրջանակում երկրում մինչ օրս ձերբակալվել են հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ ու լրագրողներ։ Իշխանությունների պնդմամբ, հետաքննվում են նրանք, ովքեր կապեր ունեն Միացյալ Նահանգներում բնակվող ընդդիմախոս կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին Թուրքիայի ղեկավարությունը մեղադրում է հեղաշրջումը կազմակերպելու մեջ։

Կառավարությունը ԺԴԿ անդամներին նաև մեղադրում է Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ֊ի ու ԵՄ֊ի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) հետ առնչություն ունենալու մեջ։