Home / Տեսանյութեր / «Սասնա ծռեր» խմբի վատառողջ անդամի քույրը պետական կառույցներից սպասելիք չունի

«Սասնա ծռեր» խմբի վատառողջ անդամի քույրը պետական կառույցներից սպասելիք չունի

«Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր երթ է անցկացրել և մի շարք կառույցներից պահանջել է ճշտել, թե ինչ է իրականում կատարվում «Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Հովհաննես Հարությունյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հարությունյանը նշել է, որ ինքն այլևս չի հավատում, թե որևէ կառույց կկարողանա իր եղբոր առողջական խնդիրներին լուծում տալ։

«Երբ ես իմացա, որ Հովհաննեսը պահանջում է, որ իր ոտքը անդամահատեն, խելագարվում էի։ Հովհաննեսի վիրավոր ոտքը ահավոր տարբեր է առողջ ոտքից։ Եթե չեն հավատում, թող նկարեն ու ցույց տան, թե ինչ վիճակում է նրա ոտքը։ Իսկ ոտքից ավելի ահավոր իր հոգեկան վիճակն է, ու ինքն ինձ անգամ արգելել է բարձրաձայնել իր առողջական վիճակի մասին։ Բայց ես չէի կարող ձեռքերս ծալած նստել։ Ինքը ներկա պահին թքած ունի ամեն ինչի վրա, ու ոտքի վիճակն էլ իրան չի հետաքրքում, ասում ա՝ որ մասը բարակել ա, թող կտրեն»,- ասել է քույրը։

Նախաձեռնության անդամներից, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրոյցում նշել է, որ իրենք նամակ֊պահանջն են հանձնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին, ԱՆ քրեակատարողական վարչությանը։

Նամակում նախաձեռնությունը պահանջել է թույլատրել իրենց պատվիրակությանը տեսակցել Հովհաննես Հարությունյանին, պարզել՝ որոնք են նրան պատշաճ բուժօգնություն տրամադրելու խնդիրները, նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց` հետազոտության և պարզաբանել, թե ինչու չի իրականացվել վիրահատություն այն դեպքում, երբ բժիշկների մի քանի անգամ հայտարարել են վիրահատության անհրաժեշտության մասին։ Ի վերջո, նախաձեռնությունը պահանջում է վերացնել Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը` կալանավորումը, և ապահովել նրա լիարժեք բուժումը:

«Եթե նախաձեռնության այս պահանջները 48 ժամվա ընթացքում չբավարարվեն, մենք այս հարցը միջազգայնացնելու ենք և պահանջելու ենք աշխատանքից ազատել Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Առողջապահության նախարարին, ՀՀ Արդարադատության նախարարին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրենին (հուլիսի 26-ին վիրավորվելուց հետո Հարությունյանին այս հիվանդանոց են տեղափոխել), ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին և ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին»,- ասել է Սանասարյանը։

Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը վերջին շրջանում բազմիցս ահազանգել է, որ իր պաշտպանյալի վիրահատությունը պարբերաբար հետաձգելու հետևանքով այսօր նրա վիրավոր ոտքը ծայրահեղ վատ վիճակում է։ Փաստաբանի խոսքով՝ նրա ոտքի գույնը փոփոխվել է և մինչև կոնքը զգալիորեն բարակել է։ Նա չի կարողանում ոտքն օգտագործել և տեղաշարժվում է հենակների օգնությամբ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 26-ին, գիշերը ժամը 1-ի սահմաններում, ՊՊԾ գնդում ոստիկանական պատնեշից արձակված կրակոցների արդյունքում աջ ոտքի երկու հատվածներում հրազենային վիրավորում է ստացել և մոտ 2 ժամ անց տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա ոտքից որոշ բեկորներ են հեռացրել: Ոտքի վիրահատություն չի իրականացվել: