Home / Մարզեր / Մարզպետի բարեկամը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել․ դպրոցում դասադուլ է

Մարզպետի բարեկամը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել․ դպրոցում դասադուլ է

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցի ուսուցիչները և աշակերտներն այսօր դասադուլ են հայտարարել՝ բողոքելով դպրոցի նոր տնօրենի նշանակման դեմ։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Փարպի գյուղի բնակիչ Սոնյա Միքայելյանը, Աղձքի բնակիչների պնդմամբ, Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի բարեկամուհին է և հենց այդ պատճառով էլ նշանակվել է տնօրենի պաշտոնակատար։ Գյոզալյանը նույնպես Աշտարակի շրջանի Փարպի գյուղից է։

Epress.am-ի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ իրենց նախկին տնօրենին՝ Հարություն Սուքիասյանին, հանիրավի են հեռացրել պաշտոնից։

«Հիմնական բողոքն այն է, որ մեր նախկին տնօրենին հեռացրել են առանց նրան և դպրոցի աշխատակազմին տեղյակ պահելու։ Հեռացնել ասելով՝ նկատի ունեմ, որ նրա՝ դպրոցի տնօրեն լինելու պայմանագրի ժամկետը լրացել է հոկտեմբերի 28-ին, 28-ը ուրբաթ է եղել, 29-ը, 30-ը՝ շաբաթ-կիրակի և աշխատանքային օր չի եղել, 31-ին տնօրենը դիմում է տվել, որ ինքը նորից է ցանկանում մասնակցել հավաստագիր ստանալու մրցույթին, սակայն նրան ասել են՝ դու արդեն ազատված ես»,- նշել է մեր զրուցակիցը։

Ուսուցչի խոսքով՝ իրենց հետ հանդիպման ժամանակ մարզպետն ասել է, որ նորանշանակ տնօրենը հավաստագիր ունի, պարզապես դրա ժամկետն է լրացել։

«Բայց դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ մեր այս նոր տնօրենը ունի 9 տարվա աշխատանքային փորձ։ Հավաստագրերն ունեն 5 տարվա ժամկետ, և եթե այն ուժը կորցրել է, ուրեմն այն ստացել է առնվազն 5 տարի առաջ։ Բայց այդպես չի կարող լինել, քանի որ լիցենզիա ստանալու համար քննություն կարող ես հանձնել, երբ ունես 7 տարվա աշխատանքային փորձ, իսկ 5 տարի առաջ նա այդքան տարվա աշխատանքային փորձ չուներ։ Ուրեմն՝ չկա լիցենզիա», – նշել է Աղձքի դպրոցի ուսուցչուհին։

Վերջինս ասել է նաև, որ իրենք պատրաստվում են այնքան ժամանակ շարունակել իրենց դասադուլը՝ մինչև խնդիրը լուծում ստանա։