Գլխավոր / Հայաստան / Ոստիկանապետը չի ուզում հաշտության համաձայնագիր կնքել լրագրողի հետ․ aravot.am

Ոստիկանապետը չի ուզում հաշտության համաձայնագիր կնքել լրագրողի հետ․ aravot.am

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը համարում է, որ լրագրող Սիրանույշ Պապյանի հայցն ընդդեմ ոստիկանապետի անհիմն է և ենթակա մերժման։ Ինչպես գրում է Aravot.am կայքը, այս մասին Աթանեսյանը հայտարարել է այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ։ Պապյանը պահանջում է, որպեսզի Գասպարյանը հրապարակային ներողություն խնդրի իրենից։

Աթանեսյանի խոսքով՝ հայցի նպատակը PR֊ն է։ Պապյանի պաշտպան Դավիթ Ասատրյանն ասել է, որ ոստիկանապետի ներկայացուցիչը, այնուամենայնիվ, չի ներկայացրել, թե ինչ հիմքով պետք է հայցը մերժվի։

Այսօր դատարանը կողմերին առաջարկել է հաշտության համաձայնության շուրջ բանակցել, սակայն հենց դահլիճում ոստիկանապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք հաշտության համաձայնագիր կնքելու նպատակ չունեն։

Չնայած դրան, դատարանը կողմերի բանակցման համար ողջամիտ ժամկետ է սահմանել, և հաջորդ նիստը նշանակել 2017 թվականի փետրվարի 16-ին:

Սիրանույշ Պապյանը պահանջում է, որ ոստիկանապետն իրենից ներողություն խնդրի և դատարանը «ճանաչի լրագրողի գործունեության ազատության խախտման փաստը, և ճանաչի սեռի հատկանիշներով գենդերային խտրականության փաստը, քանի որ դա վիրավորական է սեռի նշմամբ»: Լրագրողի և ոստիկանապետի միջև միջադեպը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Գասպարյանն ասել էր, որ նրանք, ովքեր չեն նկատում ոստիկանության բարեփոխումները տեսողության ու լսողության խնդիրներ ունեն։ Իսկ երբ Պապյանը պնդել է, որ հանրությունը բարեփոխումները չի տեսնում, Գասպարյանն ասել է․ «Ես էլ քո մեջ կին չեմ տեսնում»։