Home / Մարզեր / Աղձքի դպրոցում դասադուլն ավարտվեց․ մարզպետն ազատեց իր նշանակած տնօրենի պաշտոնակատարին

Աղձքի դպրոցում դասադուլն ավարտվեց․ մարզպետն ազատեց իր նշանակած տնօրենի պաշտոնակատարին

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցում դասադուլը դադարեցվել է, դասերը երկօրյա դադարից հետո վերսկսվել են այսօր առավոտյան։ Ուսուցիչների և դպրոցականների պահանջը կատարվել է, փոխվել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։ Տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն դպրոցի փոխտնօրեն, աշխարհագրության ուսուցիչ Տիգրան Գասպարյանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է դպրոցի ուսուցիչներից մեկը:

«Այսօր առավոտյան էլի դպրոց չէինք մտնում, բայց եկավ մարզպետի խորհրդական Սիրամարգ Ղուկասյանը, ահագին խոսեց, ասաց՝ դուք ասեք՝ ում եք ուզում նշանակել։ Մենք էլ առաջադրեցինք մեր փոխտնօրենին: Իսկ մարզպետի հրամանով պաշտոնից ազատվեց իր կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը», – ասել է դպրոցի ուսուցչուհին:

Տնօրենի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատարը դպրոցը կկառավարի մինչև դեկտեմբերի 29-ին դպրոցի տնօրենի համար հայտարարված մրցույթը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից Աղձքի դպրոցականները և ուսուցիչները դասադուլ էի սկսել՝ բողոքելով մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնայա Միքայելյանի նշանակման դեմ: Աղձքի բնակիչները պնդում էին, որ դպրոցի նախկին տնօրենը հանիրավի է հեռացվել պաշտոնից, իսկ նոր տնօրենը մարզպետի բարեկամներից է: