Home / Կանանց իրավունքներ / Նախկին պատգամավորը կնոջը սպառնում է բերդ ուղարկել, ահազանգում է փաստաբանը

Նախկին պատգամավորը կնոջը սպառնում է բերդ ուղարկել, ահազանգում է փաստաբանը

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը (մականունը Տուգո) սպառնում է իր նախկին կնոջը՝ Լուսինե Ավագյանին, որը երեխայի հետ փախել է արտերկիր։ Այս մասին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանը հայտնել է կնոջ փաստաբան Անի Թորոսյանը: Նրա խոսքով՝  համատեղ կյանքի ընթացքում ամուսինը Լուսինեի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրել, այնուհետև սպառնացել է երեխային խլել իրենից, ինչպես նաև ասել է՝ այնպես կանի, որ Լուսինեն հայտնվի բերդում:

Փաստաբանը հայցադիմումներով պարզել է, որ Արսեն Ավագյանն (լուսանկարում) ամուսինների համատեղ գույքից հսկայական մաս օտարել է։ Երբ Լուսինեն իր սեփականությունը վերականգնելու համար հայցադիմումներ է ներկայացրել,  նախկին պատգամավորը սկսել է սպառնալիքները։

«Երբ Լուսինեն դիմեց իրավաբանին, Արսեն Ավագյանի կողմից սկսվեցին հետապնդումները նրա նկատմամբ՝բազմաթիվ վայբեր֊նամակներ, զանգեր, միջնորդավորված անձանց միջոցով հեռակա սպառնալիքներ, որոնք ուղղվում էին Լուսինեին առ այն, որ կվնասի, քիթն ու ականջը կկտրի, այնպես կանի, որ բերդում հայտնվի: Պարբերաբար այս սպառնալիքները հնչում էին, Լուսինեն նույնիսկ վախենում էր դիմել իրավապահ մարմիններին: Ես, որպես նրա ներկայացուցիչ, առաջարկեցի, որ փորձեմ սաստել և նամակ ուղղեցի Արսեն Ավագյանին՝ խնդրելով ձեռնպահ մնալ այդպիսի վարքագծից: Դրանից հետո շատ կարճ ժամանակ Արսեն Ավագյանը հանդարտվեց, բայց դրանից հետո էլ ավելի վատ ձևով սկսվեց։ Բանից պարզվում է, որ այն ժամանակ, երբ Լուսինե Ավագյանը Հայաստանում էր, նրա սկեսուր Նինա Գաբունին հաղորդում է  տվել հանցագործության մասին, իբրև թե իմ վստահորդը՝ հափշտակել է իր ոսկյա զարդերը»,֊ պատմել է Անի Թորոսյանը։

Հարուցվել է քրեական գործ, Լուսինե Ավագյանի դեմ մեղադրանք է առաջադրվել և այժմ գտնվում է հետախուզման մեջ։ Փաստաբանը նշում է, որ Լուսինե Ավագյանը չի ընդունում այդ մեղադրանքը, և այժմ վախենում է Հայաստան վերադառնալ։

Մանրամասները՝ «Հելսինկյան ասոցիացիայի» տեսանյութում